Հայաստանյան ԶԼՄ-ները երբեք այնքան ազատ չեն եղել իշխանական ճնշումներից, որքան հիմա են.Աշոտ Մելիքյան
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան լրատվամիջոցները հետխորհրդային շրջանում երբեք այնքան ազատ չեն եղել իշխանական ճնշումներից ու միջամտություններից, որքան հիմա են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով մի քանի կետեր:
«Համարում եմ, որ հեռախոսային կամ այլ տեսակի ճնշումները, նախազգուշացումները, խմբագրական քաղաքականությանը միջամտությունները դադարել են: Իշխանությունը հռչակել է քաղաքականություն, ըստ որի, չի միջամտելու լրատվամիջոցների գործունեությանը և հիմնականում հարազատ է մնում իր խոստմանը»,-ասաց Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ երբեք հետխորհրդային տարիներին չի եղել, որ մասնավոր հեռուստաընկերություններն ամբողջությամբ մնան ընդդիմության ձեռքում, ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ընդդիմության: Ավելին, նրա խոսքով, որևէ հեռուստաընկերություն, եթե անցներ կարմիր գիծը, ապա կարժանանար Ա1+-ի ճակատագրին: Հիմա մասնավոր հեռուստաընկերությունները, բոլորը՝ արտախորհրդարանական կամ խորհրդարանական ընդդիմությանը հարող, նրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներ են: Աշոտ Մելիքյանի խոսքով, որոշներն ավելի շատ գործում են որպես քարոզչամիջոցներ, սպասարկում են կոնկրետ քաղաքական ուժի շահերը:
Անդրադառնալով Yerevan.today-ի հետ կապված դեպքին, երբ իրավապահները խուզարկություն էին կատարել լրատվամիջոցի գրասենյակում, Աշոտ Մելիքյանը նշեց, որ դա բացառություն է, այլ ոչ թե օրինաչափություն:
«Այո, կոշտ միջոցներ կիրառվեցին Yerevan.today-ի նկատմամբ, ինչն անընդունելի է: Մենք հարցում ենք ուղարկել իրավապահ մարմիններին գրասենյակից առգրավված նյութերի փորձաքննության վերաբերյալ: Ստացանք պատասխան, որ փորձաքննության արդյունքում քննությանը վերաբերող որևէ տվյալ չի հայտնաբերվել: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ այդ քայլը ճնշում էր լրատվամիջոցի վրա: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ամեն դեպքում, իհարկե, լինում են նման դեպքեր, սակայն դրանք ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է hayeli.am կայքի գրասենյակի ուղղությամբ մի խումբ երիտասարդների կողմից հավկիթներ նետելու դեպքին, ապա Աշոտ Մելիքյանի կարծիքով, իշխանությունը այդպիսի անմիտ քայլի չէր դիմի:
«Կարծում եմ, որ սա այդ տղաների նախաձեռնությունն է: Անկախ նրանից, թե կայքում ինչ է հրապարակվել, նման մոտեցումը ես անթույլատրելի եմ համարում: Խոսքին պետք է խոսքով պատասխանել: Հակառակ պարագան քաղաքակիրթ ճանապարհ չէ»,-ասաց նա:
Ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2019թ. երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի:
Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։
«Դատական հայցերի այս հոսքը, թերևս, պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Ընդհանուր առմամբ, 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 11, ֆիզիկական բռնության 1 փաստ։ Ընթացիկ տարվա նախորդ եռամսյակների համեմատ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, ինչպես նաև տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերը երրորդ եռամսյակում նվազել են: Աշոտ Մելիքյանը նկատեց, որ պետական կառույցները տեղեկատվության տրամադրման գործում փոքր-ինչ վերանայել են իրենց մոտեցումները, սակայն դեռ բարելավելու տեղ կա: