Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի դրամատիկական թատրոնը Ղազախստանում թատերական փառատոնի է մասնակցել

Վանաձորի դրամատիկական թատրոնը Ղազախստանում թատերական փառատոնի է 
մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերին հրավեր է ստացել մասնակցելու Ղազախստանի Ակտաու քաղաքում  «Աբիշ Ալեմի»` Աբիշի աշխարհը, միջազգային առաջին թատերական փառատոնին` նվիրված ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնը մասնակցել է փառատոնին: Հատկապես կարևորել են այն հանգամանքը, որ, ինչպես հավաստիացրել էին հրավիրող կողմից, վերջին առավել քան 30 տարիների ընթացքում Ղազախստանում հայկական որևէ թատերախումբ չի հյուրընկալվել:

Փառատոնին ներկայացրել են  Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման` երիտասարդ ռեժիսոր Մարիամ Մնացականյանի բեմադրությամբ: Ներկայացման ընտրությունը խիստ պատճառաբանված էր. ազգային գործ ներկայացնելը որքան էլ ցանկալի, սակայն մի շարք առումներով նպատակահարմար չէր. փառատոնին մասնակցում էին միայն մուսուլմանական երկրներ և Վրաստանի ադրբեջանական թատրոնը, բացի այդ` Գ. Մարկեսը բոլորին հայտնի հեղինակ է: Բեմադրությունն արժանացել է հրաշալի ընդունելության:

Ժյուրին ունեցել և դրսևորել է անթաքույց հիացական վերաբերմունք: Գլխավոր դերակատար Ալլա Դարբինյանը նշում է, որ ներկայացման ավարտից հետո իրենց անընդհատ մոտենում էին ու խոստովանում, որ բեմադրությունն այնքան կայացած էր, որ հանդիսատեսը չէր հասցնում համաքայլ ընթանալ գործողությունների ընթացքին: Իր հիացմունքը չի թաքցրել նաև ժյուրիի ադրբեջանցի ներկայացուցիչը` ասելով մասնավորաբար, որ թեպետ չէր ուզենա խոսել, այնուամենայնիվ, ահա հենց այսպիսի ներկայացում է պետք փառատոնին: Իբրև ասվածի հավաստում` հայկական պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացումով:

Փառատոնը կայացել է Ղազախստանի Ակտաու քաղաքում` հոկտեմբերի 11-14-ը: Հայկական պատվիրակությունը փառատոնին մասնակցել է հանդիսավոր պաշտոնական փակումից առաջ` հիացնելով բոլորին դերասանական վարպետությամբ և արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին: Երկրորդ պատվավոր տեղ են գրավել հայկական և Ղազախստանի թատրոնները` արժանանալով «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի և գավաթի, իսկ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Իրանը` «Լիր արքա» ներկայացմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am