Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Սիլվա Կապուտիկյանն անցել է ժամանակի քննությունը. մեկնարկեց գրողի հոբելյանին նվիրված նստաշրջանը

Սիլվա Կապուտիկյանն անցել է ժամանակի քննությունը. մեկնարկեց գրողի հոբելյանին 
նվիրված նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ գրողի հոբելյանին նվիրված գիտաժողով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ գիտաժողովն իր կարևոր նպաստն է բերում Կապուտիկյանի ստեղծագործությունների ամբողջական ուսումնասիրման գործում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Սիլվա Կապուտիկյանի ժառանգությունը միշտ ուսումնասիրվել է  իր  ժամանակի համատեքստում. գիտաժողովի կարևոր նորույթներից մեկն այն է, որ Կապուտիկյանի ստեղծագործությունը դիտարկվում է նախորդող շրջանի հայ գրականության համատեքստում. օրինակ` քնարերգությունը` հայ միջնադարյան սիրերգության հետ,  ուղեգրությունները` հայ միջնադարյան ուղեգրությունների հետ»,-շեշտեց տնօրենը:

Նա նշեց, որ անդրադառնալու են նաև Կապուտիկյանի գործերի արդիականությանը: «Ասում են, որ ամենամեծ դատավորը ժամանակն է: Կապուտիկյանը դիմացել է ժամանակի քննությանն, ու նրա բանաստեղծությունն իր անմար հմայքով, գեղարվեստական արժանիքներով հուզում է անգամ այսօրվա ընթերցողի սիրտը: Եկել է Սիլվա Կապուտիկյանի հավերժության  ժամանակաշրջանը, երբ մենք վեր ենք կանգնում ժամանակի կենսագրական հատկանիշներից, ժամանակի գաղափարական, քաղաքական վեճերից և մնում է մաքուր ստեղծագործությունը»,-ընդգծեց Դևրիկյանը:

Նա հավելեց, որ անդրադարձ են կատարելու նաև Կապուտիկյանի հրապարակախոսությանը և դրա արդիականությանը: «Կապուտիկյանի արձակում կա բանաստեղծական չափածոյի յուրահատկությունը: Այն բանաստեղծական պատկերները, որոնք կան հասարակական, քաղաքական հրապարակումներում, բանաստեղծի պատկերավոր մտածողությամբ են գրված»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտորը:

Խոսելով Կապուտիկյանի ժառանգության հանրահռչակման գործում ինստիտուտի անելիքների մասին` Դևրիկյանն ասաց, որ Կապուտիկյանն իր պատվավոր տեղը կունենա ինստիտուտի Հայ նոր գրականության պատմության  ակադեմիական  վեցհատորյակի վեցերորդ հատորում: 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ շեշտեց, որ Կապուտիկյանը 60-ական թվականներին նախաձեռնեց մի լուրջ, հերոսական քայլ, շրջեց ամբողջ սփյուռքով, ինչի արդյունքում ծնվեց  «Քարավանները դեռ քայլում են» հրաշալի գիրքը: «Նա չափազանց ակտիվ էր իբրև հասարակական գործիչ, իբրև գրող, իր ժողովրդի բանաստեղծ: Կապուտիկյանը տարբեր կուսակցական ժողովներում սուր էր արտահայտվում այն ժամանակվա ղեկավարների, Կենտրոնական կոմիտեի քարտուղարների գործունեության վերաբերյալ, և յուրաքանչյուր ղեկավար միշտ մտածում էր, որ իր գործունեությունը կարող է սուր գնահատել Կապուտիկյանը: Դա նրանց ստիպում էր աշխատել արդարացի, առանց կոռուպցիոն ռիսկերի»,-հիշեցրեց Սուվարյանը:

Սուվարյանն անդրադարձավ գիտաժողովին ու շեշտեց, որ այն ևս մեկ առիթ է Սիլվա Կապուտիկյանի թողած հարուստ ժառանգությունն արժևորելու համար:

Նստաշրջանին զեկույցներով հանդես եկան Աելիտա Դոլուխանյանը, Ազատ Եղիազարյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Անուշ Նագգաշյանը, Լիլիթ Հովսեփյանը, Ռուզան Դոլուխանյանը, Գայանե Մարդյանը, Գայանե Հակոբյանը, Մայա Գրիգորյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Դավիթ Գյուլզադյանը:

Գիտաժողովն իրականացրեցին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ