Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի գործերը

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ 
ներկայացրել է Կոմիտասի գործերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու,  դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը սեպտեմբերի 22-ին Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Նյու Յորքի հռչակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դաշնակահարուհին կատարել է Կոմիտասի,  հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական դաշնամուրային ստեղծագործություններ:

«Համերգի առաջին մասում ելույթ ունեցան երիտասարդ տաղանդավոր հայ երաժիշտներ: Երկրորդ բաժնում ես եմ նվագել: Կատարել եմ Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի,  Էդվարդ Բաղդասարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Տպավորություններս աննկարագրելի են: Չեք կարող պատկերացնել, թե ինչ մեծ հպարտություն է հանդես գալ այդ պատվավոր բեմում, որտեղ ամեն օր ելույթ են ունենում աշխարհահռչակ երաժիշտներ: Հրաշալի էր նաև «Քարնեգի հոլ»-ի դաշնամուրը»,-մեզ հետ զրույցում պատմեց Արտեմյանը:

Համերգից հետո Լիլիթ Արտեմյանն արժանացել է պատվոգրի և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի շնորհակալագրին:

Դաշնակահարուհուն ԱՄՆ կատարած կարճատև այցի ընթացքում հրավիրել են հանդես գալ Կոմիտասի 150-ամյակին և հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված դասախոսություններով, որոնք ուղեկցվել են Կոմիտասի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ: Դասախոսություն-համերգները տեղի են ունեցել Բոստոնի «Ամերիկայի հայկական թանգարան»-ում,  Չելմսֆորդի Սրբոց Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցում,  Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Թրամբլի Ս. Համբարձում Հայ Առաքելական եկեղեցիներում:

«Դասախոսություններին խոսել եմ Կոմիտասի կյանքի և գործունեության մասին, փորձել եմ ներկայացնել նրա ամբողջական  կերպարը»,-ընդգծեց դաշնակահարուհին ու հավելեց, որ ներկա են եղել ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ, որոնք համակ ուշադրությամբ են լսել և՛ դասախոսությունը, և՛ երաժշտությունը:

Լիլիթ Արտեմյանը չցանկացավ կանխավ մանրամասներ ներկայացել իր հետագա ծրագրերի մասին, բայց շեշտեց, որ շարունակելու է  նույն ոգևորությամբ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտությունն ու հայ կատարողական արվեստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]