ԲՀԿ պատգամավորները դեմ են երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն ուղարկելու նախագծին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ«Իմ քայլը»խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած օրենքին նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ քաղաքացիներին տեսանկարահանել երթևեկության խախտումներն ու հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանությանը, միանշանակ չընդունվեց Բարգավաճ Հայաստան խմբակցության որոշ պատգամավորների կողմից: Նրանք բուռն ելույթներ ունեցան, կտրականապես դեմ արտահայտվեցին նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Արթուր Դալլաքյանը նախագիծն անթույլատրելի համարեց:
«Իմ կարծիքով՝ նախագիծը առողջացում չի բերում, այն ավելի շատ բերելու է նոր հիվանդության տեսակ: Շատ խնդիրներ չեն լուծվելու: Մանավանդ այս նախագիծը լուրջ անվտանգության խնդիր չի լուծում: Նախագծով քաղաքացիների մեջ սերմանում են թշնամություն: Ոչ մի համերաշխական քայլ չկա սրանում »,-տեսակետ հայտնեց պատգամավորը:
Նույն խմբակցության պատգամավորը Արման Աբովյանը ևս ելույթ ունեցավ այդ թեմայով:«Ակտիվ քաղաքացին նա չէ, ով ոստիկանություն է միշտ գնում, այլ նա է, ով չի խախտում օրենքը, ով բարոյական ներքին հենքն ունի: Եկեք դրա վրա աշխատենք: Սա սխալ է, սխալ օրենք է, չի կարելի մարդկանց մեջ սերմանել դա: Եկեք պայմաններ ստեղծենք սոցիալական հոլովակների և այլնի տեսքով»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց՝ Հայաստանում ճանապարհները, լույսը անգամ չեն բավարարում են խախտումներ չանելու համար:
Արտյոմ Ծառուկյանը նույն խախտման համար կրկնակի պատիժ կրելու ռիսկ տեսավ: Նա նկատեց՝ նույն խախտումը կարող են նկարել խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, միևնույն ժամանակ՝ քաղաքացին: Նրա կարծիքով՝ հավելվածը չի կարողանալու ապահովել այն խնդրի լուծումը, որն առաջնային դրվում է:
Նախագծի համահեղինակ Արմեն Փամբուխչյանն արձագանքելով Արման Աբովյանին՝ նշեց՝ կարծում է, ակտիվ քաղաքացին անտարբեր քաղաքացին չէ: «Ակտիվ քաղաքացին այն քաղաքացին է, որը մասնակցություն է ունենում պետության, իր շուրջ կատարվող իրադարձություններին: Ես այս նախագծի համահեղինակ եմ նրա համար, որովհետև ԱԺ պատգամավոր եմ, պետք է տեսնեմ, թե որն է օրինական, որը օգուտ կտա երկրին, այլ ոչ թե մտածեմ, թե որոշ մշակույթ կրող մարդկանց դա դուր կգա, թե ոչ»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ նախագիծը նրա համար է, որ քաղաքացիները ևս իրենց լուման ունենան օրինականության հաստատման գործում:
Մյուս համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը, հիշելով Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, նշեց . «Երբ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք լինի, ո՞վ է գնալու ոստիկանությանն ասի, անո՞ղը, թե՞ ինչ-որ մեկը տեսնելու է, գնա ասի, որ օրինակ հարևանը նման բան է արել: Եթե խնդիրն արձանագրելը «գործ տալ» է, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն «գործ տվողներն եք»: Արման Աբովյանը Գաբրիելյանի ելույթի ընթացքում դահլիճից հիշեցրեց, որ ինքը «գործ տալ» արտահայտությունը չի արել: Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան «Իմ քայլը»-ից այլ պատգամավորներ ևս, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը:
Դալլաքյանի ելույթից հետո իր և «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորի միջև դահլիճում փոքր միջադեպ տեղի ունեցավ: