Հասարակական

Փաշինյանն անդրադարձավ Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի քրեական գործին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի քրեական գործին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի ապօրինի սեփականաշնորհման հետ կապված քրեական գործը գտնվում է դատարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի, նաև այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզվեց, որ այն հողատարածք չունի, որովհետև այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել են, և արդյունքում ստացվել է, որ կա ազատ տնտեսական գոտու մի շենք, ավտոկանգառ և ուրիշ ոչինչ: Այսինքն՝ փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու: Այդ փաստից հետո հարուցվել է քրեական գործ, և սկսվել է ընթացակարգ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա: Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա, և այդ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023թ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում