Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ. աշխատանքների մեկնարկը տրված է


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարալանջի հատված, Նուբարաշեն և Սիլիկյան թաղամասեր. Երևանը շուտով կհամալրվի նոր պուրակներով: Երևանի քաղաքապետարանի  Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 3 պուրակների տարածքը միասին կազմում է 25 հա: Մասնավորապես, 10 հա Սարալանջի հատվածում պուրակի համար նախատեսված տարածքն է, 7 հա՝ Սիլիկյան թաղամասում և մոտ 8.5 հա՝ Նուբարաշենում:

«Նախագծային աշխատանքների մեկնարկը տրված է: Կարծում եմ, որ մեկ ամսից այդ հատվածներում կունենանք շինարարական գործընթացի մեկնարկը, և մինչև աշուն այդ նշված հատվածներում կմեկնարկի ծառատունկը: Նշեմ, որ այդ տարածքները կունենան ժամանակակից ոռոգում՝ համալրված կաթիլային ոռոգման համակարգով»,-ասաց նա:

Ընթացիկ տարում կատարված աշխատանքները

Հետամուտ լինելով տարեսկզբի խոստումներին, այն է, փոխել մայրաքաղաքի կանաչ դիմագիծը, կես տարվա ընթացքում քաղաքապետարանը կարողացել է պահպանել իր որդեգրած քաղաքականությունը: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, մասնավորապես, փոխում են ծառերի տեսակների կազմը՝ ընդգրկելով ծաղկող ծառատեսակներ:

«Մենք կարողացել ենք այս տարի գարնանային ծառատունկերի ընթացքում տնկել 10 հազար 125 տնկի և ավելի քան 1000 մշտադալար, 3 հազար ծաղկող թփեր: Մենք իրականացրել ենք կանխարգելիչ աշխատանքներ: Մասնավորապես, բավական մեծածավալ էտում ենք կատարել, ինչպես նաև հեռացվել են չոր և վթարային ծառերը: Նախկինում այս աշխատանքներն իրականացվել են, ըստ ահազանգերի, կետային լուծումներով: Քանի որ մայրաքաղաքի կանաչ ֆոնդը հնացած է, հետևաբար, մենք սկսել ենք լայնածավալ, համակարգված  աշխատանքներ այդ ուղղությամբ: Աշնանն այդ հին հեռացված ծառերի տեղում կտնկվեն նորերը» ,-ասաց Խաչիկ Հակոբյանը: Այս տարի էտի աշխատանքներն իրականացնելիս առաջին անգամ կիրառվեց մուլչավորման մեթոդը, երբ էտված նյութերը տեղում մանրացվել են, տեղափոխվել են համապատասխան արտադրամաս, հետագայում օգտագործելու համար: Աշնանն այս գործընթացը կիրականացվի նաև չոր տերևների հավաքման ժամանակ:

Ոռոգման համակարգի խնդիրներ, իրականացվող աշխատանքներ

Խաչիկ Հակոբյանը նշեց, որ ոռոգման համակարգի հետ կապված ունեն վատ ժառանգություն: Նրա խոսքով, ի սկզբանե ընդհանուր ոռոգման տրամաբանությունը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնով, որը քաղաքի կանաչապատման գրաֆիկից էականորեն  տարբերվում է:

«Մենք դա գույքագրել ենք որպես խնդիր, որպեսզի աշխատանքներ տարվեն ու հնարավորինս առանձնանանք ու ունենանք մեր սեփական ցանցը: Դա հնարավորություն կտա ապրիլյան ծառատունկից սկսած լիարժեք ոռոգում իրականացնել մինչև խոր աշնանային շրջան: Գաղտնիք չէ, որ քաղաքի ընդհանուր ոռոգման ցանցը մաշված է և դրանից բխող բազմաթիվ խնդիրներ կան: Այն տեղերում, որտեղ անհրաժեշտ ջրի ճնշում ենք ապահովում, անմիջապես, որպես կանոն, խողովակները չեն դիմանում»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:

Բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ այս տարի իրականացվելու են ոռոգման ցանցի համալրման աշխատանքներ, մոտ 7.5 հա ջրագծեր են ավելացվելու տարբեր վարչական շրջաններում:

«Ինչպես արդեն նշեցի, շուրջ 25 հա տարածքի վրա այգի պուրակի հիմնման ծրագիր ենք իրականացնում Սարալանջի հատվածում, Նուբարաշենում և Սիլիկյան թաղամասում: Այս նոր հիմնվող տարածքներում լինելու է կաթիլային ոռոգման համակարգ»,-ասաց նա: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ իրականացնում են ծառերի, ոռոգման համակարգերի և այլ ենթակառուցվածքների գույքագրում: Նպատակն այն է, որ ցանկացած աշխատանք լինի հասցեական, չափելի, վերահսկելի:

Կառույցներից ձերբազատված տարածքների կանաչապատում

«Այս տարվա ընթացքում, ինչպես գիտեք, առաջինն օպերային հարող տարածքն էր, որտեղ սկսվեցին աշխատանքները: Այն ամբողջությամբ մաքրվել է շինարարական աղբից, համալրվել է բարձրակարգ բուսահողով և ապահովվել սիզամարգային շերտով: Մինչև աշուն այստեղ կունենանք ծառաթփային լուծումներ: Հաջորդ երկու հատվածները օղակաձև զբոսայգում են: Սրճարաններից մնացած բետոնապատ հատվածներն ապամոնտաժվել են, տարածքը լրացվել է բուսահողով, այժմ լիարժեք կանաչապատման ներքո են»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում ևս աշխատանքներ են նախատեսված: Պուրակներում վարձակալների հետ աշխատանքներ են տարվում, արդյունքի մասին կտեղեկացվի:

Ընդլայնել սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները

Խաչիկ Հակոբյանի խոսքով, սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունների ընդլայնումն իրենց առաջնահերթ հարցերից են: Նախատեսում են այնպես անել, որ մինչև մեկ մլն ծաղկասածիլ լինի քաղաքի ջերմոցում աճեցված:

«Ընդլայնում ենք քաղաքային տնկարանը: Այս տարի նախատեսել ենք ավելի քան 30 հազար բուսակների տնկում, որ հաջորդող տարիներին ունենանք սեփական տնկանյութերի արտադրություն»,-հավելեց Խաչիկ Հակոբյանը:

Պահանջվում են աշխատողներ

Խաչիկ Հակոբյանը նշեց, որ գրեթե բոլոր կանաչապատման ընկերություններում ներկայում ունեն աշխատուժի պահանջարկ: Ե՛վ մասնագետների, և՛ բանվորական ուժի պահանջարկ կա: Նրա խոսքով, այն աշխատավարձը, որն այսօր կա և գնահատվում է ոչ բավարար, նույնպես վերանայման ենթակա է:

Աննա Գզիրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ