Տնտեսություն

Բյուջետային առումով 2018 թվականը Հայաստանի համար աննախադեպ էր. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Բյուջետային առումով 2018 թվականը Հայաստանի համար աննախադեպ էր. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականը բյուջետային առումով Հայաստանի համար աննախադեպ տարի է համարում համաշխարհային պատմության մեջ: Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց՝ խիստ կասկածում է, որ որևէ այլ երկրում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում: «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: 2018 թվականի ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել նախագահական մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և , ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Եվ ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով: Այս տարվա արդյունքներով ունենք 5.2 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծը ընդունած կառավարությունը բյուջեում դրել 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Կառավարությունը 2018 թվականին չունի չկատարված որևէ պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն, և, եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունը իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի բնականոն կյանքը լիարժեքորեն: Ընդ որում, միևնույն ժամանակ տեղի է ունեցել Հայաստանի պետական կառավարման համակարգի գլոբալ անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական: Այս առումով կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս նաև այն միտումները, որ կա այս տարի: «Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Ապրիլին մենք ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 միլիարդ դրամով: Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թվականին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ: Ես խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է և տնտեսությունը ռեցեսիայի՝ առնվազն տևական փուլ չի մտել»,- նշեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում