Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամում յուրացումներ ու չարաշահումեր թույլ տալը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում հիմնադրամում չարաշահումներ ու յուրացումներ իրականացնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արմեն Սարգսյանը նշեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում, անդրադառնալով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի անվան հետ կապված յուրացումների խնդիրներին:

«Ես հույս ունեմ, որ բոլորս հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն պարոն Արա Վարդանյանի գործունեության հետ կապված էջը փակելու ենք, դնենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը բացարձակապես անընդունելի են, և ոչ միայն հոգաբարձուների խորհրդի տնօրենի կամ անդամի համար, այլև յուրաքանչյուր հայի համար: Եվ խոսքը նրա մասին չէ, թե ինչ ֆինանսական վնաս է տրվել, վերադարձվել է, թե ոչ: Խոսքը նախ և առաջ բարոյական և անվան վնասի մասին է: Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլևս երբեք չեն կրկնվի»,- ասաց նախագահը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2018թ. հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի այդ ժամանակ գործող տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: 2018թ. հուլիսի 10-ին նա հրաժարական էր տվել տնօրենի պաշտոնից:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ