Շտապօգնության ոչ հրատապ կանչերը կփոխանցվեն պոլիկլինիկաներին. ծրագիրը փորձնական է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցներով հաջորդ տարի մեկ միլիարդ դրամով ավելի է հատկացվելու շտապօգնության ծառայությանը. գումարը կծախսվի հավելյալ բրիգադներ ունենալու և բրիգադների աշխատավարձերի բարձրացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին: Նախատեսվում է շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից կդառնա 4 մլրդ դրամ:
Թորոսյանի խոսքով` շտապօգնության ոլորտը նեղ է, բայց բազմաթիվ խնդիրներ ունի: «Մեր տվյալների համաձայն`շտապօգնության կանչերի 70 տոկոսը չի ավարտվում հոսպիտալիզացիայով: «Շտապօգնության կանչերը պետք է լինեն իրոք շտապ: Այս տարի, ճիշտ է, մեքենաների հագեցում եղավ, բայց դրանցից շատերն արդեն շարքից դուրս են եկել, որովհետև շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներն են շատացել, ինչը մտահոգիչ է»,-ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանն ասաց, որ շուտով շտապօգնության աշխատակիցները ևս հնարավորություն կունենան օգտվել սոցփաթեթի ծառայություններից: «Այս պահին փորձում ենք դասակարգել կանչերը ըստ հրատապության: Եթե կանչը շտապ չէ, այն կարող է սպասարկվել քիչ ուշ` մեկ ժամվա ընթացքում, որպեսզի հրատապ կատարվեն վթարների, ինսուլտների, ինֆարկտների կանչերը և փրկվեն մարդկանց կյանքը»,-նշեց նա:
Առողջապահության նախարարը որպես ոլորտում նորամուծություն առանձնացրեց Երևանի քաղաքապետարանի հետ նախանշված ծրագիրը, որը պիլոտային կարգով նախատեսվում է իրականացնել Նոր Նորքում: «Մենք ուզում ենք շտապօգնության ոչ հրատապ կանչերը մասամբ փոխանցել առողջության պահպանման առաջնային օղակներին: Եթե կանչը ոչ շտապ է, ապա դա կարող է իրականացնել տեղի պոլիկլինիկայի բժիշկը` մարդատար մեքենայով»,-հավելեց Թորոսյանը: