Հասարակական

«Անմահ գունդ» քայլերթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին եռատոնի հերոսներին

4 րոպեի ընթերցում

«Անմահ գունդ» քայլերթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին եռատոնի հերոսներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին հիշելու, նրանց փառաբանելու նպատակով Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երթը մեկնարկեց մայիսի 9-ին Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից:

Քայլերթի մասնակիցներն իրենց հետ տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

«Իմ ձեռքում Խորհրդային Միության հայտնի հետախույզ, պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի լուսանկարն է: Նա երկար տարիներ իմ շատ լավ բարեկամն էր: Երբ ես վարչապետ էի, Վարդանյանն իմ խորհրդականն էր: 1943 թվականին նա իր փոքրաթիվ թիմի հետ Թեհրանում թույլ չտվեց, որ գերմանացիները վտանգեն Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի կյանքերը»,-շեշտեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ իր ձեռքում մորական պապու լուսանկարն է: Մարությանի պապը մասնակցել է Հայրենական պատերազմին: Նա եղել է հոգևորական ու միշտ Աստվածաշունչն իր մոտ է պահել: Երբ նրան կրակել են, գնդակը դիպել է Աստվածաշնչին, որը փրկել է վերջինիս կյանքը: Քաղաքապետը խոստովանեց, որ պապուն չի տեսել, քանի որ վերջինս կյանքից հեռացել է 1968 թվականին:

Երթին մասնակցում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա ընդգծեց, որ բարձր է գնահատում «Անմահ գունդ» գաղափարը: «Քայլերթի միջոցով ևս մեկ անգամ հիշում ենք մեր անմահ հերոսներին, որոնք Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ իրենց կյանքը զոհեցին հանուն ֆաշիզմի դեմ մեզ համար խիստ անհրաժեշտ հաղթանակի»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ պարտության դեպքում Խորհրդային Հայաստանի գլխին սև ամպեր էին կուտակվելու. Թուրքիան ներխուժելու էր Անդրկովկաս, իսկ Ճապոնիան Հեռավոր Արևելքում էր գործողություններ սկսել: «Այդ էր պատճառը, որ հայ-թուրքական սահմանին մի քանի տասնյակ դիվիզիա էր կանգնած, որ կանխարգելի հնարավոր հարձակումը, բայց 1943-ին Ստալինգրադում խորհրդային զորքերը ջախջախեցին գերմանացիներին, ներխուժման վտանգը վերացավ, ու զորքերը տեղափոխվեցին կովկասյան ճակատ»,-պատմեց Թորոսյանն ու հավելեց, որ իր պապը ծառայել է այդ զորքերում:

Երթի մասնակից Խաչատուր Խաչատրյանը շնորհավորեց բոլորին եռատոնի կապակցությամբ ու նշեց, որ քայլերթը և նմանատիպ միջոցառումները բարձրացնում են ժողովրդի հայրենական ոգին ու գիտակցությունը: «Այս քայլով ուզում ենք ապացուցել, որ մեր հերոսներն անմահ են: Մեր ձեռքերում Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների լուսանկարներն են: Կարծում եմ` յուրաքանչյուր հայ պարտավոր է գեթ մեկ անգամ մասնակցել այս նախաձեռնությանը»,-եզրափակեց նա:

Հաղթանակների օրվա՝ եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին անցկացվեցին «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում:

Նախաձեռնությունն իրականացրեցին «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում