Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն 
դաշնակահար տասներկու երկրից

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթում, որը կանցկացվի մինչև հունիսի 14-ը,  դաշնակահարները ներկայացնելու են Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերը:

«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, և այս տարի  անցկացվելու է դաշնակահարների համար. դա շատ խորհրդանշական է, որովհետև 2003 թվականին անդրանիկ մրցույթին նույնպես դաշնակահարներն էին մրցում:

Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից: Մեզ բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ են դիմել: Առավելագույնը 24 երաժիշտ պետք է անցներ, բայց ընտրությունն այնքան մեծ էր, որ ուժերը մեր հարթակում չափելու հնարավորություն ընձեռեցինք երեսունին: Ըստ իս` բավականին թեժ մրցակցություն է սպասում»,-մեզ հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

Նրա խոսքով` տարիների ընթացքում մրցույթն ընդլայնում է իր աշխարհագրությունը: «Ընդգրկվել են երաժիշտներ Չինաստանից,  Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից, Հայաստանից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են տարբեր կատարողական դպրոցներ: Յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք մասնակիցների հենց խաչատրյանական գործերի կատարումներին, քանի որ մրցույթի գլխավոր նպատակը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն է»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց` ցանկանում են, որ Արամ Խաչատրյանի կոնցերտները համալրեն երիտասարդ և շնորհալի կատարողների երկացանկն ու հարատև կյանք ունենան համաշխարհային երաժշտական ասպարեզում:

Նրա հավաստիացմամբ` միջազգային հարթակում կան երաժիշտներ, որոնց նվագացանկում մշտապես առկա են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրանցից են Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն իր համաշխարհային հաղթարշավը սկսել է հենց 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթանակից, և ուրիշներ:

«Ուրախալի է, որ Ֆյոդոր Ռուդինն այժմ հանրահայտ նվագախմբերից մեկի` Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է: Դա մեծ հաջողություն է նրա համար: Խաչատրյանի մրցույթի բոլոր դափնեկիրները հետագայում մասնակցում են այլ միջազգային մրցույթների, մրցանակների արժանանում, բարձունքներ նվաճում:  Դա ևս ապացուցում է, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրին ճիշտ որոշումներ է կայացնում»,-շեշտեց Տեր-Հովակիմյանը:

ժյուրիի նախագահն այս տարի դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն է։ Նա ելույթներ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Բելառուսից, Շվեդիայից:

«Մրցույթի անցկացման ձևաչափը երբեք չի փոխվում: Այն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, որի անունը ես դեռ չեմ ասի: Թող անակնկալ լինի: Բացման համերգին ելույթ է ունենալու նաև Խաչատրյան դաշնամուրային տրիոն, որը կկատարի հատուկ մրցույթի համար Գեորգ Պելեսիցի ստեղծագործությունը Դաշնամուրային տրիոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-10-ին Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ: Հունիսի 14-ին կիմանանք հաղթողների անունները»,-ասաց նա:

Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Աննա Տեր-Հովակիմյանն անդրադարձավ հայ երաժիշտների մասնակցությանն ու շեշտեց, որ ունենք դաշնամուրային բարձր կատարողական դպրոց, և ինքը համոզված է, որ  հայ երիտասարդները պատվով կներկայացնեն մեր երկիրը մրցույթում:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am