Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի առողջացնել համակարգը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնել առողջապահության փոխնախարարի բերման ենթարկվելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ աջակցություն է հայտնել իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։
«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են:
Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը»,-գրել է նա:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին: