Հասարակական

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մի շարք համայնքներում գազի փոխարեն օգտագործել այլընտրանքային էներգետիկայի տարբերակներ

2 րոպեի ընթերցում

 Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մի շարք համայնքներում գազի փոխարեն օգտագործել այլընտրանքային էներգետիկայի տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մի շարք համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, որպեսզի համայնքները գազով ապահովելու համար կատարված կապիտալ հսկայական ներդրումները չարտահայտվեն գազի սակագնի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում շատ համայնքներ գազաֆիկացնելու համար:

« Կար ժամանակ, երբ նախընտրական շրջանակի ամենահայտնի խոստումը համայնքը գազաֆիկացնելն էր: Հիմա մենք ունենք հարյուրավոր համայնքներ, որտեղ միլիոնավոր դրամներ են ծախսվել այդ համայնքները գազաֆիկացնելու համար, սակայն այդ գյուղն ամեն ամիս սպառում է մի քանի հարյուր հազար դրամի գազ: Գազի գնի պատճառով այդ գյուղացիները գազն օգտագործում են ոչ թե ջեռուցման և տնտեսական գործունեության, այլ ճաշ եփելու համար: Արդյունքում խնդրի առաջ ենք կանգնում, ունենք կապիտալ ներդրում, որը հաշվարկվում է ընդհանուր գազի սակագնի մեջ: Բայց քանի որ այդ գյուղերը բավարար չափով գազ չեն ծախսում, որ այդ կապիտալը հետ բերեն, այդ վճարը սակագնի ձևով բաշխվում է երկրի բոլոր գազ օգտագործողների հետ»,-ներկայացրեց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով` այդ տարբերակը խելամիտ չէ: Նա նշեց, որ գազն այլևս միակ էներգիայի աղբյուրը չէ: «Ես առաջարկում եմ, որ մենք այդ գյուղերի համար մտածենք այլընտրանքային էներգետիկան զարգացնելու մասին: Դա շատ ավելի էժան է, երկարաժամկետ կտրվածքով ավելի ձեռնտու է և ռազմավարական ներդրում է»,-նշեց նա:

Վարչապետը նշեց, որ եթե կան ջերմոցային տնտեսություններ, որոնք հիմնադրվել են առանց գազի, ուրեմն ավելի լավ է նրանց աջակցեն նոր տեխնոլոգիաներ ներդնելու և գործունեությունն առանց գազի շարունակելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում