Վարչապետը և Rotary International-ի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և կազմակերպության համագործակցության զարգացման շուրջ
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:
Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր: Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներին:
Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ: