Տնտեսություն

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի մինչև 100 հա մակերեսով հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվողների ծախսերը

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի մինչև 100 հա մակերեսով հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվողների ծախսերը

Կառավարությունն ընդունեց բուսաբուծության աջակցության մասին ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակաբույսերի և այլ բույսերի՝ 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության՝ մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։

«Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը»,-նշեց նախագծի զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նման ծրագիր իրականացվել է 2022 թվականին և 2024 թվականին՝ միայն գարնանացանի համար, հիմա առաջարկվում է նաև աշնանացանի համար, որպեսզի գյուղատնտեսները որոշակի հեռանկարում տեսնեն՝ աշնանացա՞ն են ուզում կազմակերպել, թե՞ գարնանացան։

«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով․ աշնանացան ցորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով՝ 80 հազար ՀՀ դրամ, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ վարի, ցանքի և սերմի արժեքը մոտավորապես 160 հազար դրամ է կազմում։ Գարնանացան հացահատիկի մշակության համար 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար դրամ»,-նշեց Պապոյանը։

Վերջինս հայտնեց, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով, համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար՝ փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։

«Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1,5 միլիարդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան մշակաբույսերի շուրջ 15 հազար հեկտար»,-մանրամասնեց Էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ 2026 թվականի համար ևս 1,4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36 հազար հեկտարով։

Նախարարը նկատեց, որ սա կարող է նաև որոշակիորեն զսպել տվյալ ապրանքների գնաճը։

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղացիների հետ ունեցած իր շփումների արդյունքում հասկացել է, որ այս ծրագիրն օգտակար է միջին և խոշոր գյուղատնտեսներին աջակցելու համար։

«Ես անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում։ Ես գյուղացիների հետ գնացել և խոսել եմ․ այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի։ Մեր այս ծրագրերը պետք է իմաստ ունենան այն ժամանակ, երբ մենք 1, 2, 3 տարի աջակցենք և 4-րդ տարում այդ մարդն ինքն ասի շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքն այլևս չունեմ»,-նշեց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ ծրագիրն արդյունավետություն չի ապահովում, քանի որ գործնական մակարդակում այն հետաքրքրություն չի ներկայացնում գյուղացիների մոտ, ինչը լրջագույն խնդիր է։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման ծրագրերի ընդունումից հետո կարևոր է նաև հետևողական լինել և հասկանալ, թե դրանք գործնականում իսկապես կիրառվո՞ւմ են, թե՞ պարզապես մնում են թղթի վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում