Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե ոչ երգիչ, ապա միանշանակ դերասան․Վլադիմիր Պողոսյանը՝ մասնագիտության ընտրության մասին

Եթե ոչ երգիչ, ապա միանշանակ դերասան․Վլադիմիր Պողոսյանը՝ մասնագիտության 
ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ և մի շարք երգերի հեղինակ Վլադիմիր Պողոսյանը պատրաստվում է նոր երգով հանդես գալ։  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչ-երգահանը խոսել է նոր երգի, մասնագիտության ընտրության, հայկական երգարվեստում իրեն հուզող հարցերի և ձեռքբերումների մասին:

-Ի՞նչպես որոշեցիք երգիչ դառնալ։

-Չի եղել մի օր, որ հենց այդ օրից որոշեի երգիչ դառնալ, քանի որ միշտ երգել եմ։ Դեռ  մանկուց որոշել էի, որ պետք է երգեմ և  11 տարեկանում գրեցի առաջին երգս, երկրորդը` 13-ում, իսկ արդեն 17 տարեկանում գրեցի  «Mama»  երգը։ Հետագայում հասկացա, որ կարելի է երգեր  գրել նաև գործընկերներիս համար, բայց դրա համար դեռ ժամանակ կար, ու ինչպես ասում են, ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ժամանակին։

-Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում հայկական երգարվեստում ։

-Անորոշությունը։ Հայկական երգարվեստում այսօր կան մարդիկ, որոնք զբաղվում են այն ամենով, ինչի հետ կապ չունեն ընդհանրապես, փոխարենն ունեն «լավ պապա», ինչի շնորհիվ էլ զբաղեցնում են մեկ ուրիշի՝ ավելի տաղանդավոր մեկի տեղը։ Այսինքն՝ հնարավորությունն ու նախապատվությունը տրվում է միջակությանը, և դա ոչ մեկին չի հուզում, իսկ իսկապես տաղանդավոր մարդիկ մնում են ստվերում։

-Երգարվեստում ո՞րն է այն աստիճանը, որին ցանկանում եք հասնել:

-Ես երբեք չեմ գծում աստիճաններ։ Կարծում եմ՝ միշտ կա ավելի վերև, ավելի տաղանդավոր, ավելի հաջողակ և  ամեն ինչում ավելի  մեկը, եթե համարեմ, որ հասել եմ այնտեղ, որտեղ պիտի լինեի, ուրեմն արդեն անելիք չեմ ունենա։

-Ձեզ բարդ մարդ համարո՞ւմ եք, հե՞շտ է ձեզ հետ աշխատելը:

-Ես կասեի շատ բարդ (ծիծաղում է –հեղ.), բայց ես դա միայն առավելություն եմ համարում։ Ես պերֆեկցիոնիստ եմ և ինձ հետ կապված ամեն բան պետք է լինի կա՛մ շատ լավ, կա՛մ  ընդհանրապես չլինի,  իսկ հետո կլինի այն, ինչ պիտի լինի։

-Ունե՞ք սիրած երգիչ, որի օրինակին կուզենայիք հետևել։

-Շատ են, ամենասիրելի երգչուհիները Ուիթնի Հյուսթոնն ու Քրիստինա Ագիլերան են, բայց նրանց օրինակին դժվար ցանկանայի հետևել (ծիծաղում է - հեղ․), իսկ Սթիվի Ուոնդերը և Ադելն ինձ համար ուղղակի ֆանտաստիկ մագնիսական ձգողականություն ունեցող երգչուհիներ են։

-Կպատմե՞ք ձեր երազանքների մասին:

-Երազանքներս շատ-շատ են։ Ես կասեի ավելի շատ նպատակներ են, քան երազանքներ, բայց դրանց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել, որպեսզի իրականանան։

-Եթե ոչ երգիչ, ապա ի՞նչ։

-Եթե ոչ երգիչ, ապա միանշանակ դերասան։ Ես գրեթե չեմ տարանջատում այս երկուսն իրարից։ Իսկապես գովելի եմ համարում, երբ դերասանը նաև երգում է, եթե իհարկե այդ տաղանդն ունի։

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր մասնագիտության մեջ:

-Միշտ զբաղված լինելը և ինչու ոչ  նաև ուշադրության կենտրոնում լինելը, այն անհավանական մեծ էներգիա է տալիս։ Ես սիրում  եմ երգել և շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն է տվել աշխատել իմ մասնագիտությամբ։ Այս մասին մի լավ խոսք կա․ «Եթե դուք զբաղվեք նրանով, ինչն ամենաշատն եք սիրում, ուրեմն ստիպված չեք լինի աշխատել»։

-Ի՞նչ որակներ և հատկություններ եք կարևորում դիմացինի մեջ:

-Մարդ լինելը, ազնվությունը, բարությունը և իհարկե հավատարմությունը։

-Սովորաբար, բեմի մարդիկ նախընտրում են, որ իրենց կողակիցները նույն բնագավառից չլինեն: Ձեզ համար կարևո՞ր է այդ հանգամանքը:

-Ես ճիշտ հակառակն եմ կարծում։ Ցանկալի է, որ քո կողակիցը նույն բնագավառից լինի, որպեսզի կարողանա ավելի լավ հասկանալ քեզ, բայց ընդհանուր առմամբ այդ հանգամանքը չեմ կարևորում։

-Ո՞րն է կյանքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը։

-Կարծում եմ՝ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է,ընկերներս, հարազատներս և իհարկե երկրպագուներս։

-Ի՞նչ կասեք ձեր դերասանական կարիերայի մասին։ Պատրաստվո՞ւմ եք շարունակել։

-Խաղացել եմ «Ֆուլ Հաուս» սիթքոմի 7-րդ եթերաշրջանում, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում և «Անուղղելիները» հեռուստասերիալում։  Բոլորն էլ եղել են էպիզոդիկ դերեր։ Ֆիլմում կամ հեռուստասերիալում նկարահանվելու  առաջարկներ շատ են եղել, բայց միշտ ինչ-ինչ պատճառներով համագործակցությունը չի ստացվել։ Շատ եմ մտածել, թե ինչու են ամենալավ նախագծերից ստացած առաջարկները  անկատար մնում, բայց վստահ եմ՝ ամենալավ առաջարկը դեռ առջևում է, այն, ինչ Աստված ինձ համար է նախատեսել՝ ամենալավն է ու ամենահաջողվածը։ Դերասանի մասնագիտությունը սիրում եմ և վստահ եմ, որ դեռ առիթներ կլինեն հանրությանը և ինքս ինձ ապացուցելու համար, որ կարող եմ աշխատել նաև այդ բնագավառում։

-Ի՞նչ կերպար կցանկանայիք մարմնավորել։

-Մեծ սիրով կմարմնավորեի հումորային կերպար։ Եթե լավ առաջարկ ունենամ, լուրջ դերերից էլ չեմ հրաժարվի։

-Ինչպե՞ս եք պատրաստվում մոտ ապագայում զարմացնել ձեր երկրպագուներին ։

-Երկրպագուներին զարմացնելու համար մեծ գումարներ են հարկավոր, իսկ մենք չունենք այդ շուկան։ Մեզ մոտ միայն պետք է ներդնես, բայց մոտ ապագայում պատրաստվում եմ հանրությանը ներկայանալ նոր երգով։

Հարցազրույցը ՝ Մերի Մնոյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]