Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանն ակնկալում է, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով

Փաշինյանն ակնկալում է, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

«Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելն է և սա մեզ համար ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում: Ուզում եմ ասել, որ այստեղ ունենք աշխատելու երեք ուղղություն: 

Առաջինն, իհարկե, մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ այս հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ:

Երկրորդ ուղղությունն, իհարկե, օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ:

Երրորդը՝ ոչ պակաս կարևորը, եթե ոչ ամենակարևորը, Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է, որը չափազանց կարևոր է:

Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից:

Սա չափազանց կարևոր խնդիր է և ես ուզում եմ, որ այս խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմը և նաև ամբողջ կազմը գիտակցի: Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ:

Սա չափազանց կարևոր է և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարոն Անանյան Ձեզ և ընդհանրապես ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել: Պետք է ուշադիր հետևենք նաև հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:                 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]