Կառավարությունը խնդիր է դրել ապահովել նպաստների հասցեականությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աղքատության, ընտանեկան նպաստների հասցեականությունն ապահովելու խնդիր կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Այս մասին Ազգային ժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության ծրագրում գրել ենք, որ նպատակ ունենք ծայրահեղ աղքատությունը վերացնել մինչև 2023 թվականը: Իրականում դա մեծ ամբիցիա չէ, որովհետև, ըստ հաշվարկների, Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար հարկավոր է ամեն տարի հավելյալ 1.4 մլրդ դրամ ծախսել: Դրա համար կա մի պայման, այդ գումարը պետք է գնա ճիշտ հասցեատիրոջը հասնի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սոցիալական նպաստ ստացող անձ կա, ով 1 մլն դրամ վարկ է մարում, որոշներն էլ 500 հազար դրամի վարկ են մարում, և նրանք համարվում են աղքատ: Խնդիրն այն է, որ այդ անձինք գումարը տանում են այն մարդկանցից, ովքեր իրականում են աղքատ: Հիմա, կառավարության խնդիրն է լինելու աղքատության նպաստների համակարգն առավել հասցեական դարձնելը:
«Մի խնդրի մասին էլ կուզեի խոսել: Այսօր, ցավոք, «Փարոսի» համակարգը մարդկանց ետ է պահում աշխատելուց: Մարդիկ շարունակում են չաշխատել, որ այդ համակարգում գտնվելով, որոշ արտոնություններից օգտվեն: Այս խնդիրը պետք է լուծվի »,-ասաց նա: