Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

«Արմաթ» -ն առաջարկում է արժեթղթեր թողարկել, որը պետությանը կբերի լրացուցիչ օգուտներ

«Արմաթ» -ն առաջարկում է արժեթղթեր թողարկել, որը պետությանը կբերի 
լրացուցիչ օգուտներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և արդեն մի քանի տարի իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը Հայաստանի և Արցախի դպրոցներում. 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում գործում է 252 ինժեներական լաբորատորիա-խմբակ, որտեղ ներգրավված է մոտ 6 հազար 300 երեխա։ «Արմաթ» լաբորատորիաները հնարավորություն են տալիս աշակերտներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նախագծել ու կառավարել անօդաչու թռչող սարքեր։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այս ծրագիրն աննախադեպ է: Այն մեկնարկել է 2014 թվականին և կարճ ժամանակում միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել։ «Արմաթը» մրցանակներ է ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների հեղինակավոր ստուգատեսներում՝ այդ թվում «WITSA Global Excellence Award»-ում՝ որպես «Կայուն զարգացման» ծրագիր։ Մի շարք երկրներ (Հնդկաստան, Բանգլադեշ, Եթովպիա, Նամիբիա, Մոնղոլիա, Իսպանիա) բանակցում են ԱՏՁՄ-ի հետ՝ «Արմաթ» լաբորատորիաներն իրենց երկրներում ներդնելու ուղղությամբ։

««Արմաթը» դարձել է հայկական բարձր տեխնոլոգիական կրթական բրենդ, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում աշխարհում։ Այսօր միջազգային մրցակցությունը ոչ միայն համալսարանների, մասնագետների մակարդակում է ընթանում, այլև դպրոցների։ Հայաստանում կուտակվել է դպրոցում ինժեներական առարկաների դասավանդման պատկառելի փորձ, և դա այն հիմնական գիտելիքն է, որը մենք պատրաստվում ենք արտահանել որպես Հայաստանի կրթական բրենդ»,-ասաց նա։

Կարեն Վարդանյանը նշեց, որ «Արմաթ» լաբորատորիաները կարճ ժամանակում ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Նա ներկայացրեց «Գրանթ Թորնթոն» ընկերության վերլուծության արդյունքները, ըստ որոնց, մեկ խմբակի զուտ ներկա արժեքը 254 մլն դրամ է։

«Մեկ խմբակի եկամտաբերության ներքին նորման գնահատվում է 88 տոկոս։ Հայաստանի 1200 դպրոցներում ներդնելու դեպքում բոլոր խմբակների զուտ ներկա արժեքը կկազմի 298 մլրդ դրամ։ Հաշվի առնելով միայն գործող խմբակների ուղղակի ազդեցությունը՝ տնտեսական մուլտիպլիկատորի ազդեցությունը կարող է 2.3 անգամ ավելի լինել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ «Արմաթի» շրջանավարտների 84 տոկոսն ընդունվել է բուհ, որից 82 տոկոսը` բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Նրանց 39 տոկոսը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է, 4 տոկոսը՝ միայն աշխատում: Աշխատանք ունեցողների 45 տոկոսը ներգրավված է ծրագրավորման բնագավառում, 12 տոկոսը հիմնել է ստարտափ, ևս 29 տոկոսը ներգրավված է ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում: Մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ: Սաների 37 տոկոսը բուհից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։ Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50-300 հազար դրամի սահմաններում՝ միջինում կազմելով 132 հազար 561 դրամ»,-ասաց Կարեն Վարդանյանը:

ԱՏՁՄ-ն, հիմնվելով «Գրանթ Թորնթոն»-ի ուսումնասիրությունների վրա, կազմել է բիզնես պլան, որտեղ հաշվարկված է, թե բոլոր՝ 1250 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիա ստեղծելու և ներդնելու դեպքում ինչ տնտեսական ազդեցություն այն կունենա հանրապետության վրա, որքան հարկային մուտքեր կապահովվեն, քանի տարվա կտրվածքով «Արմաթը» ներդրված գումարները հետ կբերի, 5-6 տարվա կտրվածքով որքան շահույթ կապահովվի և այլն։

«Գումարելով այդ ամբողջ ծավալը՝ պարզ է դառնում, որ ծրագիրն իր վրա ներդրած գումարները կվերադարձնի երեք տարվա ընթացքում։ ԱՏՁՄ կողմից իրականացված հաշվարկները ստուգվել են նաև Կենտրոնական բանկի մասնագետների կողմից, որոնք հայտնել են իրենց գոհունակությունը և նշել, որ անգամ քիչ է հաշվարկված հատկապես «Արմաթի» ազդեցությունը երկրի ՀՆԱ-ի աճի վրա»,-ասաց Կարեն Վարդանյանը։

ԱՏՁՄ-ն դիմել է կառավարությանը, որպեսզի թողարկվի 5-6 տարվա «Արմաթ» արժեթղթեր 15 միլիարդ արժողությամբ, որոնք էլ պետությանը կբերեն ավելի քան 60 միլիարդ դրամի օգուտ։

 «Այսպիսով` մենք ցույց ենք տալիս, որ կրթությունն ամենաեկամտաբեր ոլորտն է, և այս ծրագրով ոչ միայն կարողանում ենք երեխաների կրթական մակարդակը բարձրացնել, այլև պետությանը լրացուցիչ օգուտ բերել՝ ապահովելով Հայաստանի միջազգային մրցունակությունը։ Մենք հույս ունենք, որ ծրագիրը ներդնելու պարագայում 5-6 տարվա ընթացքում կկարողանանք վերականգնել այն տեխնոլոգիական մակարդակն ու համբավը, որ ուներ Հայաստանը Խորհրդային Միության ժամանակ և Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա դիտարկել որպես ամենաառաջատար երկրներից մեկը»,- հավելեց Կարեն Վարդանյանը։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]