Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը ծանր է


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով գլխի հրազենային բաց վնասվածք ստացած 11-ամյա տղային վիրահատել են: Վիճակի վատթարացում չկա, սակայն դրական տեղաշարժ ևս չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

«Երեխան մեզ մոտ վիրահատվել է այսօր առավոտյան: Նա ստացել էր աջ գագաթային շրջանի հրազենային վնասվածք, ուղեղի ծանր աստիճանի սալջարդ: Վիրահատությունն անցել է նորմալ, վերջացրել ենք ժամը մոտ 13։30-ին: Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծանր, հեմատոզ վիճակում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ: Վիճակի վատթարացում չկա, բայց դեռ դրական դինամիկա ևս չկա»,-ասաց Մուսայելյանը:

Նա նշեց՝ լավն այն է, որ գոնե վիճակի վատթարացում չկա:

Վիրահատությունը կատարել են երկու վիրաբույժներ: «Մեկը մեր նեյրովիրաբույժն էր, մյուսը հրավիրվել է հոսպիտալից»,-նշեց Մուսայելյանը:

Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել էր նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ