Հասարակական

Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ

2 րոպեի ընթերցում

Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զինծառայողների սննդակարգում 2019 թվականին փոփոխություններ է կատարվել. ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի թիկունքի վարչության ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:

«Ձմեռային ժամանակահատվածում պլանավորվել է մեկ զինծառայողի հաշվարկով հատկացնել բնական մեղր, որն ունի շատ առողջարար հատկություններ, նաև պլանավորել ենք ավելացնել ճարպ և սխտոր: Զինծառայողի սննդակարգում մայիս ամսում պարտադիր բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ: Ավելացրել ենք նաև թանապուր, այն տրամադրվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շատ բարձր գնահատականի է արժանացել զինծառայողների կողմից»,- ասաց Մարգարյանը:

Գնդապետը հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է նաև հերթապահություն իրականացնող զինվորների սննդակարգում համալրել պահածոյացված կարտոֆիլ: Նա նշեց, որ մարտական հերթապահությունում կլինի 7 տեսակի պահածոյացված ապուր:

Արա Մարգարյանը ծանոթացրեց նաև սննդամթերքի պահպանման եղանակներին, ինչպես նաև փաթեթավորմանը և համապատասխան պիտակներին:

«Կենտրոնական պարենային բազայում ունենք նոր սառնարանային տնտեսություն, մեծացել են դրանց ծավալները, ինչը արդեն հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահպանել համապատասխան ջերմախոնավային պայմաններում: Պահածոյացված սննդամթերքի համար նախատեսված են տարբեր պահեստարաններ, որտեղ ըստ անվանումների և ըստ արտադրման տարեթվերի պահպանություն ենք իրականացնում: Կենտրոնական պարենային բազայից մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ և այնտեղից տեղափոխվում զորամասեր»,- եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում