Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեբեդավանի միջնակարգ դպրոցում խմորումները նոր ընթացք են ստանում. արձագանքում է Տավուշի մարզպետը

Դեբեդավանի միջնակարգ դպրոցում խմորումները նոր ընթացք են ստանում. 
արձագանքում է Տավուշի մարզպետը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշխատակազմի և տնօրենի միջև ծագած խնդիրները դեռ լուծում չեն ստացել: Նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ և դիմել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին:   

«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին այն մասին, թե ինչ հաշվեհարդար է տեսնում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի գործող տնօրենն այն մարդկանց հետ, ովքեր բացահայտել են նրա կեղծիքներն ու հակամանկավարժական գործունեությունը: Իհարկե, տեղյակ եք ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրությամբ պարզված օրինազանցությունների մասին ու, մասնավորապես, այն մասին, որ տնօրենն իր տղային ուսուցչի օգնական է ձևակերպել, հարսին՝ պահակ, բայց նրանք առանց աշխատելու աշխատավարձ են ստանում, իսկ դուք դեռևս ոչ մի քայլ չեք արել այդ տնօրենին սանձելու կամ նրան անվստահություն հայտնելու ուղղությամբ, դուք եք, չէ՞, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց: Շնորհակալություն համագործակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է գրառման մեջ:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, ով նշեց, որ խնդրի մասին վաղուց է տեղյակ և արդեն տևական ժամանակ է աշխատանք է տարվում թե դպրոցի տնօրենի, թե աշխատակազմի հետ:

«Մենք միշտ կապի մեջ ենք եղել բոլոր կողմերի հետ, միշտ բաց ենք քննարկելու, աշխատելու համար: Ես, երբ մարզպետ եմ նշանակվել, խնդիրը ինձ ներկայացվել է: Տեղյակ եմ, որ պետք է մրցույթ հայտարարվեր նոր տնօրեն ընտրելու համար, սակայն մի քանի անգամ հայտարարված մրցույթը չի կայացել: Միակ թեկնածուն եղել է գործող տնօրենը, ով ցանկանում էր նորից մրցույթին մասնակցեր, իսկ մարզպետարանի կողմից ներկայացված խորհրդի անդամները չէին ներկայանում մրցույթին, հետևաբար այն չէր կայանում: Խնդիրը հարթել եմ, խորհրդի անդամներին հանձնարարել եմ ներկայանալ մրցույթին և պատշաճ կարգով  հիմնավորված որոշում ներկայացնել: Կրկնում եմ, մեկ հոգի է մասնակցել, այլ թեկնածու չի եղել»,-ասաց Վահե Ղալումյանը:

Մրցույթի հարցը կարգավորելուց հետո, մարզպետի մոտ են եկել անձնակազմի անդամները և ներկայացրել, որ տնօրենն իր բարեկամներին է աշխատանքի ընդունել: Մարզպետը նշեց, որ խնդիրն ուսումնասիրվել է, տնօրենի տղայից դասաժամերը վերցվել են, և նոր մրցույթ է հայտարարվել:

«Գիտեք, բարեկամներին աշխատանքի տեղավորելու խնդիրը գրեթե բոլոր դպրոցներում կա: Մենք հիմա մեր առաջ խնդիր ենք դրել խստորեն հետևել յուրաքանչյուր մրցույթին: Հիմա տեսչական մարմինն ինչ հարց բարձրացրել է, մենք արձագանքել ենք և դեռ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,-ասաց Վահե Ղալումյանը: Մեր այն դիտարկմանը, թե խոսվում է աշխատողների նկատմամբ հաշվեհարդարի մասին, մարզպետը նշեց, որ մեկ անձ այս ընթացքում այդ դպրոցից աշխատանքից ազատվել է: Նա եկել է մարզպետի մոտ և  ներկայացրել է իրավիճակը:

«Կինը պնդում է, որ իրեն անօրինական են ազատել աշխատանքից: Ես էլ ասել եմ՝ դիմեք դատարան, տեսեք օրինական է, թե ոչ, որովհետև տնօրենը հիմնավորումներ է ներկայացրել: Մենք նույնպես շահագրգռված ենք, որ դպրոցում իրավիճակը կարգավորվի: Ասեմ, որ ես անձամբ պարբերաբար վերջին շրջանում եղել եմ այդ գյուղում, դպրոցում: Տպավորությունն այնպիսին էր, թե խնդիրը հարթված է, ամեն ինչ հանդարտ էր: Հիմա ես նորից եմ հանձնարարել  կրթութան վարչության պետին գնալ այդ գյուղ, հանդիպել աշխատակազմի, տնօրենի հետ և խնդիրը ինձ ներկայացնել»,-հավելեց Տավուշի մարզպետը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am