1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սրբուկը «Եվրատեսիլին» ցանկանում է հնչեցնել իր կերպարին համահունչ երգ

Սրբուկը «Եվրատեսիլին» ցանկանում է հնչեցնել իր կերպարին համահունչ երգ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական տարբեր նախագծերից հայտնի երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում, որը կանցկացվի մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: 

Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

-Ձեզ համար սպասելի՞ էր «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկը: Ոգևորվա՞ծ եք:

-Հանրային հեռուստաընկերությունից ստացած առաջարկն անակնկալ էր, և ինձ այն շատ է ոգևորել։ Նախորդ մի քանի տարիներին անունս շատ էր շրջանառվում եվրատեսիլյան կոնտեքստում, սակայն, պետք է խոստովանեմ, որ չեմ շտապել ինձ «տեսնել» այդ բեմում։

Ես միշտ կարծել եմ, որ ամեն բան իր ճիշտ ժամանակին պետք է լինի: Ստացվում է, որ արդեն ժամանակն է (ժպտում է)։  

-Ի՞նչն եք կարևորում այս մրցույթում՝ արտիստի վոկալային տվյալնե՞րը, կատարո՞ւմը, ե՞րգը, թե…

-Ձեր թվարկած ամենը՝ մեկ փաթեթի մեջ, դրանց ավելացրած արտիստիզմը, տպավորիչ ելույթը, չկրկնվող բեմադրությունը և էլի շատ բաղադրիչներ։ Այս ամենը չի կարելի իրարից բաժանել. ամեն ինչ փոխկապակցված է։

-Սրբուհի, դուք երգում եք տարբեր ոճերում՝ սոուլ, ջազ, փոփ և այլն: Անկախ նրանից, թե ձեզ ինչ երգ կառաջարկեն՝ հոգու խորքում երաժշտական ո՞ր ժանրի ստեղծագործություն կցանկանաք հնչեցնել եվրատեսիլյան բեմից:

-Երգեցողությանս առավելապես մոտ է սոուլ ժանրը, թեև սիրում եմ փորձարկումներ անել։ Կցանկանամ եվրատեսիլյան բեմից հնչեցնել իմ կերպարին համահունչ երգ, որում կարող են լինել տարբեր ժանրերից յուրատիպ տարրեր։

-Մի առիթով նշել եք, որ մրցույթներում հաճախ արդար չեն դատում և «կոտրում» են  մասնակցին: Չնայած հաջողությամբ հանդես եք եկել մի քանի երաժշտական մրցույթներում, այնուամենայնիվ, մտավախություններ ունե՞ք:

-Մրցույթն ինքնին անկանխատեսելի երևույթ է, արդյունքները` նույնպես։ Երբեմն դրանք նույնիսկ կարող են «ցավեցնել» արտիստին։ Սակայն ինձ համար միշտ ու առաջին հերթին կարևոր է երգչի ելույթի որակը, մարդկանց մտքում ու սրտում կատարման թողած տպավորությունն ու հետքը։ Դա է մնայունը, դա է գլխավորը։

-Վաղո՞ւց եք հետևում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Եղե՞լ են համարներ, որոնք ձեզ համար շատ են տպավորիչ են եղել: Եթե այո, կխնդրեի ասել, թե ո՞րոնք են դրանք և ինչո՞ւ են ձեզ դուր եկել:

-«Եվրատեսիլ»-ին, կարելի է ասել, ակտիվորեն հետևում եմ այն ժամանակվանից, երբ Հայաստանը սկսեց մասնակցել մրցույթին։ Ինձ շատ տպավորել է Սալվադոր Սոբրալի ելույթը 2017 թվականին։ Երգն ու կատարումն այնքան երաժշտական էին, որ բեմից բարություն եւ դրական էներգետիկա էր ծորում։ Սիրում եմ նաև Լորինի «Euphoria» երգը։ Ինձ դուր էր եկել նրա բեմական պատրաստվածությունը, երգի և կերպարի այդչափ համահունչ լինելը։

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար: Մաղթում եմ հաջողություն և վստահ եմ, որ ձեր էներգիայով «կպայթեցնեք» նաև «Եվրատեսիլի» միջազգային բեմը:

-Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Հավատացեք՝ բոլոր մաղթանքներն ու ջերմ խոսքերն աննկարագրելի ոգևորում են ինձ։

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994  թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:

2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել  է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]