Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներկայիս իշխանությունների քաղաքական կամքը հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ. ԵԽԽՎ դիտորդական խումբ

Ներկայիս իշխանությունների քաղաքական կամքը հնարավորություն տվեց անցկացնել 
ժողովրդավարական ընտրություններ. ԵԽԽՎ դիտորդական խումբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը գտնում է, որ 2018 թվականի խաղաղ, Թավշյա հեղափոխությունը, ներկայիս իշխանությունների քաղաքական կամքի հետ մեկտեղ, հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաչիերը նշեց, որ ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն սկսած 1995 թվականից:

«Չնայած բարդ ընտրական համակարգին և սոցիալական լրատվամիջոցների միջոցով միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին և այլ երևույթներին, Հայաստանում ընտրությունները հաջող են անցել:  Իհարկե, Հայաստանի ընտրված ներկայացուցիչների գործն է սկսել բարեփոխումներ` ամրապնդելու երկրում ժողովրդավարական գործընթացը»,- ասաց Պաչիերը:

Նրա խոսքով` ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնաժողովը հույս ունեն շարունակել իրենց սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, իսկ ընտրությունների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կներկայացվի Ստրասբուրգում հունվարի նստաշրջանի ժամանակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, այ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]