Քաղաքականություն

ՀՀ նախագահն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստանը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար աջակցության համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եվրամիության կառույցներում և ձևաչափերում Սլովենիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև Սլովենիայի շարունակական աջակցությունը տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է Սլովենիայի կառուցողական դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացներում ունեցած դերակատարությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում՝ հատկապես քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական, համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծել են, որ նշված բնագավառներում առկա է զգալի ներուժ, որի արդյունավետ իրացումը կարող է նպաստել երկու երկրների համապարփակ զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին և առկա մարտահրավերներին։ ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայուն զարգացման խթան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում