Հասարակական

Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ. պաշտպան

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով մինչեւ դատարանն իր գործի վերաբերյալ որոշումը կուղարկի քննիչին, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Քոչարյանը այս պահին այնտեղ է և սպասում է, թե երբ քննիչը կբերի համապատասխան որոշումը:

«Դրա համար պարոն Քոչարյանն այս պահին այստեղ չի: Եթե նա ազատության մեջ լիներ, եւ ինքը որոշումը կայացնողը լիներ՝ գալ-չգալու, ես չգիտեմ՝ ինքը կգա՞ր էստեղ, թե՝ չէր գա, ես դա ասել չեմ կարող»,- ասաց Ալումյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում