Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Նախկին աշխատելաոճի վերջը եկել է. նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը վստահեցնում է՝ զարտուղի ճանապարհներով նպաստներ նշանակելը բացառվելու է

Նախկին աշխատելաոճի վերջը եկել է. նախարարի առաջին տեղակալի 
պաշտոնակատարը վստահեցնում է՝ 
զարտուղի ճանապարհներով նպաստներ նշանակելը բացառվելու է

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուժեղացնում է վերահսկողությունը նպաստներն առավել հասցեական դարձնելու համար: Քայլեր են ձեռնարկվում զարտուղի ճանապարհներով մարդկանց նպաստներ նշանակելու դեպքերը բացառելու համար:

«Արմենպրես» -ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ ընթացիկ տարում մի քանի դեպքերով պայմանավորված քրեական գործեր հարուցվեցին: Մասնավորապես, Գավառի, Ստեփանավանի դեպքերը, երբ տարբեր զարտուղի ճանապարհներով մարդիկ նպաստ էին ստացել: Այդ պրոցեսներում ներգրավված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նման աշխատելաոճի վերջը եկել է: Եթե ինչ-ինչ պատճառներով որոշ մարդիկ շարունակում են այդ աշխատելաոճը, ապա վստահ լինեն, որ դա ժամանակի խնդիր է: Նրանք վաղ թե ուշ համակարգից դուրս են հայտնվելու: Մեզ հետ կմնան ու կաշխատեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են ու պատրաստ են իրենց կարողությունները ներդնել համակարգում: Մեր աշխատակիցներին հորդորում եմ, որ իրենց ունակությունները դնեն ի նպաստ համակարգի»,-ասաց Արսեն Մանուկյանը:

Հայաստանում նպաստ ստանում է 400 հազար քաղաքացի կամ 100 հազար ընտանիք: Արսեն Մանուկյանը նշեց, որ նպաստները սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղություններից են և յուրաքանչյուր տարի պետական բյուջեից մոտ 40 մլրդ դրամ  տրամադրվում է անապահով քաղաքացիներին:

Ընդհանուր առմամբ, սոցիալական նպաստների հասցեականության ապահովման խնդիրը շարունակական է: Արսեն Մանուկյանը նշեց, որ այս տարվա ընթացքում կարևոր քայլ են կատարել, ըստ որի, ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկություն են ստանում նպաստառուների վարկային պատմությունների վերաբերյալ:

«Այդ տեղեկատվությունը կհամադրենք ու կտեսնենք, թե նպաստառուներն ինչ վարկային պարտավորություններ ունեն: Պետք է նայենք, թե ինչ չափի վարկային պարտավորություններ են, յուրաքանչյուր ամիս որքան են դրանց դիմաց վճարում կատարվում: Շատ լավ է, որ զբաղվում են բիզնեսով, ուրախ ենք, սակայն ուզում ենք քննարկել, թե այդ դեպքում արդյո՞ք այդ մարդը մեր նպաստառուն է, արդյո՞ք այնքան անապահով են, որ պետական բյուջեից նպաստ ստանան: Մեր համոզմամբ,  նպաստ պետք է ստանան այն քաղաքացիները, ովքեր իսկապես դրա կարիքն  ունեն: Այդ բոլոր հանգամանքները կդիտարկվեն որպես ևս մեկ կարևոր ցուցիչ նրանց ընտանիքի անապահովությունը, ընտանիքի եկամուտները գնահատելու հարցում: Այդ տեղեկատվությունը նշանակություն է ունենալու հաջորդ տարի նպաստների նշանակման հարցը քննարկելիս»,-ասաց նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը:

Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նպաստների համակարգում կա 11 հազար  մարդ, ովքեր աշխատունակության տարիքում են և չունեն սոցիալական կարգավիճակ: Իրենք ոչ թե որպես առանձին անհատ են ստանում նպաստ, այլ հաշվի են առնվում նրանց ընտանիքի պայմանները:

«Մենք պետք է առնվազն հասկանանք նրանց չաշխատելու պատճառները: Դա շատ կարևոր է, որպեսզի, եթե անհրաժեշտ է, իրականացնենք վերապատրաստում, նպաստենք, որ նրանք վերադառնան աշխատաշուկա: Այսինքն՝ այդ բացը լրացվի»,-ասաց նա:

Այս գործընթացում Արսեն Մանուկյանը կարևոր է համարում սոցիալական աշխատողի դերը: Թեպետ նա նկատեց, որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեն: ԵՊՀ-ն և ՊՄՀ-ն շրջանավարտներ ունեն, սակայն, ըստ նրա, դեռ նրանք մեծամասնություն չեն կազմում սոցիալական աշխատողների համակարգում: Արսեն Մանուկյանը նշեց, որ պետք է պայմաններ ապահովեն մասնագիտացված սոցիալական աշխատողների համար՝ նրանց ներուժն օգտագործելով հանուն համակարգի արդյունավետ գործունեության:

Աննա Գզիրյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ