Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միտված տնտեսության զարգացմանը ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումների ներգավվմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվի Բոսութղոն նշեց, որ ողջունում են կառավարության հանձնառությունը հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու և տնտեսական առաջընթաց ապահովելու առումով, և այս գործընթացում Համաշխարհային բանկը լինելու է Հայաստանի կառավարության աջակիցն ու գործընկերը: Նա նաև հավելեց, որ շուտով Համաշխարհային բանկը քննարկելու է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը 2019-2022թթ. համար, որի հիմնասյուներից մեկն էլ լինելու է արտահանման խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Համաշխարհային բանկի Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը միտված է արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ ծրագիրը պետք է նպաստի հայկական ընկերությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ ծրագրի միջանկյալ վերանայման արդյունքում հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտին ուղղվող ենթածրագրերին և դրանց քանակի ավելացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում