Հասարակական

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը

3 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը, որում վերջինս Հովհաննիսյանին մեղադրել է կոռուպցիոն դրսևորումների մեջ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրել են Հայկ Հովհաննիսյանի արձագանքը փաստաբանի գրառմանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Դատարանների հանդեպ հանրային ցածր վստահությունից բողոքելիս մեր քաղաքացիները պետք է առերեսվեն նաև փաստաբանների մասնագիտական և մարդկային որակների հետ:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության առիթով մեր հանրությանն ու հայ ժողովրդին, որի առջև երդվել եմ, հայտնում եմ հետևյալը.

  • Խնդրո առարկա փաստաբանական ընկերությունում իմ բաժնեմասն ամբողջությամբ հանձնել եմ հավատարմագրային կառավարման ս.թ. մարտի 28-ից,
  • Նշված բաժնեմասն ամբողջությամբ օտարել եմ գործընկերներիս ս.թ. սեպտեմբերի 20-ից (որպիսի գործարքը գրանցման է ներկայացվել պետռեգիստր, և տվյալները թարմացված են):

Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձնելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել (տե՛ս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 5-րդ հոդվածը):

Հաշվի առնելով, որ իմ ողջ գիտակից կյանքում լծված եմ եղել մեր հայրենիքում իրավունքի գերակայության ապահովմանն ու իրավական պետության կառուցմանը, պատրաստվում եմ.

  • դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ սույն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով,
  • դիմել դատարան` պահանջելով հերքել զրպարտությունն ու վճարել փոխհատուցում»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, թե Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պատական ռեգիստրի տվյալներով 19.11.2018թ. դրությամբ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականից հանդիսանում է «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը (տես մեկնաբանություն 1): Այսինքն շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ գործունեությունից ստանալ եկամուտ։«Համաձայն ընկերության պաշտոնական կայքի տվյալների (hap.am) «ՀԱՊ» ՍՊ ընկերությունը առաջարկում է փաստաբանական ծառայությունների բավականին լայն սպեկտր, որը ներառում է նաև վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկայացուցչության ապահովում:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում»,- գրել է Վարոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում