Քաղաքականություն

Գագիկ Հարությունյանը գտնում է, որ Չինաստանի բարեփոխումների քաղաքականության  որոշ մոտեցումներ կիրառելի են Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Գագիկ Հարությունյանը գտնում է, որ Չինաստանի բարեփոխումների քաղաքականության  որոշ մոտեցումներ կիրառելի են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության որոշ մոտեցումներ կարելի է կիրառել Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Չինաստանում ձևավորվել են այնպիսի գաղափարներ և մեթոդներ, որոնք կիրառելի են նաև Հայաստանում: Չինաստանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները: Այն, ինչ սկսվեց կատարվել Չինաստանում 40 տարի առաջ Դեն Սյաոպինի շնորհիվ, խիստ արդիական է նաև այսօր: Սա շատ լավ փորձի փոխանակում է, որպեսզի մենք իմանանք, թե ինչպես այդ բարեփոխումները կատարվեցին»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` Չինաստանում բարեփոխումների քաղաքականության շնորհիվ 40 տարում 55 անգամ մեծացավ համախառն ներքին արտադրանքը:

«Առաջին հերթին դա կատարվել էր նրա շնորհիվ, որ Չինաստանում խիստ ուշադիր էին իրենց գիտատեխնոլոգիական և հոգևոր ոլորտին: Եվ այդ երկու միասնությունը տվեց այն մեծ երևույթը, որը կոչվում է այսօր չինական հրաշք: Բավական է ասել, որ Չինաստանը փորձագիտական և գիտական մշակումների վրա իր ծախսերով արդեն երկրորդ տեղում է աշխարհում»,- ընդգծեց Հարությունյանը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի կարծիքով` չինացիները առանց հակասությունների կարողացան համատեղել երեք մոտեցում:

«Դա առաջին հերթին սոցիալիստական և կոմունիստական դրվածքն է, որն ապահովում է հասարակության զարգացումը: Երկրորդ` Չինաստանում ներդրվեց ազատականությունը, որովհետև տնտեսությունը այսօր առանց ազատականության չի կարող զարգանալ: Եւ երրորդ` նրանք շարունակում են հավատարիմ մնալ պահպանողական մոտեցումներին»,- նշեց Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Հարությունյանն ասաց, որ շատ բան կախված է հայկական կողմից, միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում այդ առումով դրական միտում է տեսնում:

«Չինաստանը աշխարհաքաղաքական առումով կարևորում է մեր տարածաշրջանը, մասնավորապես` Հայաստանը: Շատ բան կախված է մեզանից, թե ինչպես մենք կաշխատենք նրանց հետ, որովհետև դա միշտ երկկողմանի գործընթաց է, եթե մի կողմը ջանքեր չի թափում այդ ուղղությամբ, բնական է, արդյունքի չես հասնի»,- եզրափակեց Հարությունյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի լայն շրջանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում