Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների  կոալիցիային միացան երկու տասնյակից ավելի ՔՀԿ-ներ

Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների 
 կոալիցիային միացան երկու տասնյակից ավելի ՔՀԿ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔԿՀ-ների կոալիցիային միացան երկու տասնյակից ավելի ՔԿՀ-ներ և պատրաստակամություն հայտնեցին իրենց կազմակերպությունների ներուժը ծառայեցնել կոալիցիոն նպատակների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում  նոյեմբերի 8-ին  տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված կոալիցիայի նիստը: Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)  կոալիցիայի հիմնադիր ՔՀԿ-ներից բացի նիստին մասնակցում էին կոալիցիային անդամակցության հայտ ներկայացրած ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ով իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Կարեն Զադոյանը մեծապես կարևորեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորվող կոալիցիաների դերը, ընդգծելով, որ իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ավելի մեծ  կարող է լինել, եթե այն արվի տվյալ ոլորտի բոլոր դերակատարների համընդհանուր ջանքերով` նույն արժեքները կրող,  համագործակցության պատրաստ ՔՀԿ-ների կողմից և փորձագետների ներգրավմամբ:

 «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացումն այլընտրանք չունի: Մեր կազմակերպությունը պատրաստակամ է հետագայում ևս աջակցել իրականացվող աշխատանքներին, որպեսզի նորաստեղծ կոալիցիայի կարողությունները զարգանան, և  պատրաստ է  այդ նպատակով լրացուցիչ դրամաշնորհ տրամադրել: ԵՄ-ն, նույնպես սատարելով այսպիսի նախաձեռնություններին, ակնկալում է կառուցողական ձևաչափով հանրության համար տեսանելի, շոշափելի արդյունքների գրանցում ոլորտային փաստարկված հանրային քաղաքականությունների իրականացման գործում»,- նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը:

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն, Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի հիմնադիր անդամ Աստղինե Պասոյանը և ԷԽԱՀ Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը նիստի մասնակիցներին ուղղված իրենց խոսքում ներկայացրեցին կոալիցիայի նպատակները, ծրագրերը, դրանց շրջանակներում իրականացվելիք գործողություններից ակնկալվող  արդյունքներն՝ ըստ Կոալիցիոն հռչակագրի և Կանոնակարգի, պատասխանեցին նիստի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Նրանք նշեցին, որ կոալիցիայի հիմնական նպատակն է՝ կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը:

«Մենք ՔՀԿ-ների այս կոալիցիան դիտում ենք որպես էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ գնումների հարցերում հանրային քաղաքականության, համայնքների գործունեության նախանձախնդիր վերահսկողության գործիք, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների լոբբինգի զորեղ հանրային ուժ»,-ընդգծեց Աստղինե Պասոյանը:

Էներգաարդյունավետության, կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում կանանց մասնակցության ակտիվացման նպատակով, ըստ բանախոսների, կոալիցիան ծրագրի շրջանակներում նախատեսում է ներգրավել հանրային գործընթացներում կանանց մասնակցությունը կարևորող ՔՀԿ-ների և կին փորձագետների:

Ընդգծվեց նաև, որ կոալիցիայի հիմնադիր անդամների ջանքերով նոր անդամների համար կիրականացվեն վերապատրաստման և կարողությունների հզորացման ուսուցողական ծրագրեր, կստեղծվի կին փորձագետների տվյալների բազա` հետագա երկարատև համագործակցություն զարգացնելու նպատակով: Ծրագրի ընդլայնված շահառուների շրջանակը կազմում են Երևան, Արթիկ, Ապարան, Ախթալա, Ալավերդի, Գավառ, Գորիս, Հրազդան, Իջևան, Կապան, Քասախ, Մասիս, Փարաքար, Սպիտակ, Տաշիր, Ծաղկաձոր, Վանաձոր և Վայք համայնքները:

Կոալիցիայի հիմնադիր խումբը ներկայումս զուգահեռաբար զգալի աշխատանք է իրականացնում՝ ներգրավելու դրամաշնորհային լրացուցիչ միջոցներ համատեղ ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի ստացած գիտելիքների միջոցով Կոալիցիան համապատասխան համայնքներում իրականացնի երկարատև մշտադիտարկում՝ օգտագործելով հաշվետվողական և մշտադիտարկման առցանց հարթակ, ոլորտի հարցերով ծավալի քաղաքական երկխոսություն, ապահովի համայնքային իշխանությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ները միացան կոալիցիայի հռչակագրին:

Այնուհետև տեղի ունեցավ կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրություն` ձևավորվեց յոթ հոգուց կազմված խորհուրդ, որի գործունեության շրջանակները կարգավորվում են Կոալիցիայի կանոնակարգով:

Նիստից հետո կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց կին մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց` համայնքների կայուն էներգետիկ գործողությունների ծրագրերի մոնիթորինգին աջակցելու նպատակով: Կոալիցիայի հիմնադիր անդամների կողմից ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ԿԷԶԿԳ ծրագրերի մշակման ուղեցույցը, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման գործընթացը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով:

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվարն ԻՀԱ-ի անվանումն էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]