Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը

Երևանում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ 
առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 400 գիտակ աշխարհի 26 երկրներից իրենց ուժերն են փորձելու նոյեմբերի 3-ին Երևանում մեկնարկած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հանրահայտ ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնությանը: Մասնակիցները բաժանվել են 65 թիմերի, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում երկրորդ անգամ է անցկացվում:

«Մեզ համար պատիվ է ընդունել այսքան հայտնի և բազմակողմանի զարգացած հյուրերի, որոնք  իրենց օրինակով ոգեշնչում և մոտիվացնում են երիտասարդ սերնդին գիտելիք ստանալու: Այսօր  «Ինչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը շատ պոպուլյար է մեր երկրի երիտասարդ ինտելեկտուալների շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողությունների են հասնում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Այս տարի նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, որը խաղացել է Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է լավագույն խաղացող խաղի գարնանային սերիայի ընթացքում»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա հավելեց, որ խաղը պոպուլյար է նաև քաղաքական գործիչների շրջանում, ինչում շատերն են համոզվել: Մի քանի տարի առաջ ձևավորվել է պատգամավորների խորհրդարանական թիմը: «Խաղի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելը կարևոր է նրանով, որ այս տարի մեր մայրաքաղաքը տոնեց  2800-ամյակը: Ըստ իս` դա այս միջոցառմանն ավելի մեծ նշանակություն է հաղորդում: Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտության, կրթության և այն ամենի հանդեպ,  ինչը նպաստում է գիտելիքի կուտակմանն ու տարածմանը»,-ընդգծեց Բաբլոյանը:

Նա հույս հայտնեց, որ միջոցառման մասնակիցներն իրենց հետ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեն և կցանկանան նորից վերադառնալ Հայաստան:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երկրպագուներին քաջածանոթ գիտակ, «Բյուրեղապակյա բուի» քառակի  մրցանակակիր Մաքսիմ Պոտաշովը խոստովանեց, որ  տարիների ընթացքում խաղի հարցերն ավելի են բարդանում, մրցակցությունը մեծանում է և հիմա շատ են ուժեղ թիմերը:

«Նորեկներին համբերություն  եմ մաղթում: Մի քանի աստիճան վեր բարձրանալը հեշտ չի ստացվի: Հաղթում է այն մարդը, ով պատրաստ է տարիներ շարունակ սովորել, պայքարել և հասնել իր նպատակներին»,-մեզ հետ զրույցում շեշտեց գիտակը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին մագիստրոս Ալեքսանդր Դրուզն ասաց, որ խաղը Հայաստանում լավ է կազմակերպված: «Շատ են հայկական թիմերը, ինչը տրամաբանական է,  քանի որ ձեր երկիրն է հյուրընկալում առաջնությունը: Որպես օրենք, ձեզ մոտ հրաշալի եղանակ է, լավ տրամադրություն և այս ամենը պայմանավորված է նաև լավ կոնյակի առկայությամբ»,-հումորով նշեց գիտակը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով` այս առաջնության կազմակերպումը Երևանում ինտելեկտուալների նվերն է մայրաքաղաքի հոբելյանին:

«Նախորդ առաջնության համեմատ, այս տարի 16 թիմ ավելացել է: Մասնակիցները հաճույքով են եկել Հայաստան, և շատերն արդեն հասցրել են շրջել մեր երկրում, դրական գրառումներ են կատարել Հայաստանի մասին, ինչը շատ կարևոր է երկրի իմիջի համար»,-ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ Հայաստանը ներկայացնում են Արամ Հարությունյանի, Հայկ Խեմչյանի, Լևոն Նիկողոսյանի և Սերգեյ Մելքումյանի թիմերը:

«Նախկին կառավարությունների աջակցության շնորհիվ Հայաստանում «Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը շատ է զարգացել: Մեզ վստահվել է առաջնությունը երկրորդ անգամ մեր երկրում անցկացնել: Դա նշանակում է, որ այն աշխատանքը, որը արվել է, արդյունավետ է եղել:  Կարծում եմ` պետք է զուգահեռ զարգացնել նաև հայալեզու խաղը: Հույս ունեմ, որ ներկա կառավարությունն էլ կաջակցի խաղին,  քանի որ մարդու արժեհամակարգում կարևորագույն դեր ունի կրթությունը»,-շեշտեց Քոչարյանը և ասաց, որ այսօր խաղալու են  բոլոր թիմերը, և այն թիմը, որը կպատասխանի առավելագույն քանակի հարցրերի, կհռչակվի  առաջնության հաղթող: Հաղթողը հայտնի կդառնա վաղը` նոյեմբերի 4-ին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]