Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Հայ-իրանական սահմանի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե մտադրությանը. ԱԳ նախարարի պաշտոնակատար

Հայ-իրանական սահմանի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը վերաբերում էր 
մարտահրավերներին, այլ ոչ թե մտադրությանը. ԱԳ նախարարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արմեն Աշոտյանի հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, համաձայն որի «հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել  ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»:

«Ո՞ր սցենարների դեպքում է դա հնարավոր», - պատգամավորի հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Կարծում եմ, որ շատ էական է (Նիկոլ Փաշինյանի, - Խմբ.) մեկնաբանությունը տեսնել կոնտեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հետապնդում  է Հայաստանի շահերը, անվտանգությանը և զարգացմանն առնչվող ճարտարապետությունը պահպանելու նպատակ: Արտաքին քաղաքականությունը փորձում  է  ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը մեր ազգայի շահերը լավագույնս առաջ մղելու համար: Հարևանների հետ հարաբերություններն արտահայտված են կառավարության ծրագրում: Եվ Իրանի, և Վրաստանի հետ հարաբերություները մեզ համար եղել և մնում են շատ կարևոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ: Այս քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: Մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ  մտադրության որևէ կողմից սահման բացելու կամ փակելու: Խոսքը վերաբերում էր մարտահրավերների խորությանը,  տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեզ ազգային շահերի վրա: Մենք այստեղ բավական զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք համապատասխան աշխատանքներ»:

Մնացականյանը շեշտեց՝ Իրանի հետ հարաբերություներն արտահայտված են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում:

«Մեր արտաքին քաղաքականության մեջ  բոլոր անմիջական դերակատարների հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որոնց հետ աշխատում ենք, փորձում նվազեցնել այդ ռիսկերը: Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն է, թե կզարգանան մարտահրավերներն ու ինչպես կանդրադառնան Իրանի հետ մեր բնականոն հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Այդ առումով  աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, ովքեր այս հարցում ունեն դերակատարություն, հիմնական գերակայությունը եղել և մնում է  ապահովել Հայաստանի կենսական շահերը՝ համագործակցելով և աշխատելով այն գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այս հարում»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, անդրադարձել է հարևան երկրների հետ փակ սահմաններին, Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ փորձված դիվանագետի հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է Հայաստանի իրավիճակը և ասել, որ Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են. Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են ԼՂ հակամարտության պատճառով: «Ես ասացի, որ մենք ունենք երկու սահման: Կարող է թվալ, թե այդ երկու սահմանները բաց են, սակայն իրականում դրանք կիսաբաց են: Հայ-իրանական սահմանն, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: Վրաստանի հետ սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների, նաև՝ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Ես նրան ասացի, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը կղզի է առանց ծովի»,- ասել է Փաշինյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]