Հասարակական

Տեղի է ունեցել Հայաստանում պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

4 րոպեի ընթերցում

 Տեղի է ունեցել Հայաստանում պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտնեսության կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագիրը շարունակում է աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և այսօր ծրագրի շրջանակներում հերթական աշխատաժողով-քննարկումն էր կազմակերպվել՝ երկրում պտղատուների և խաղողի տնկանյութի արտադրության հավաստագրման համակարգի ներդրման հնարավորությունները թեմայով:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից,ՊԳԿ կենտրոնակայանի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի գյուղատնտեսության պատասխանատու Վիլսոն Հյուգոն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց սերմերի և Իտալիայից հրավիրված Անկոնայի համալսարանի պրոֆեսոր Դավիդե Ներին` պտղատուների տնկանյութի հավաստագրման տարբեր համակարգերը աշխարհում, պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգը Իտալիայում՝ ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ներկայացվեց և քննարկվեց երկրում պտղատուների և խաղողի տնկանյութի արտադրության հավաստագրման համակարգի ներդրման հնարավորությունները, արվեցին առաջարկություններ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը, Եվրամիության հայաստանյան պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին: Նրանք երկուսն էլ կարևորեցին ծրագրի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, հույս հայտնելով հետագա համագործակցության ընդլայնման համար:

Նախքան խորհրդաժողովը փորձագետները հանդիպել էին ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուսումնասիրվել, վերլուծվել և գնահատվել էր երկրում սերմարտադրության և պտղատու մշակաբույսերի տնկիների արտադրության համակարգը, ներառյալ օրենսդրական և կարգավորող շրջանակները:

Իսկ նախորդող երեք օրերին ծրագրի շրջանակներում պրոֆեսոր Դավիդե Ներիի կողմից Հայաստանի Ագրարային համալսարանում, Կոտայքի, Արագածոտնի և Տավուշի մարզերում շարունակվեցին պտղատու մշակաբույսերի մշակության, պարարտացման և ոռոգման, էտի և ձևավորման առաջավոր մեթոդների վերաբերյալ եռօրյա տեսական և գործնական դասընթացները, որին մասնակցեցին ավելի քան 200 ներկայացուցիչներ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանից, գիտական հաստատություններից, խորհրդատվական կառույցներից, Ագրարային համալսարանից, ինչպես նաև գյուղատնտեսներ և ֆերմերներ։

Ըստ այգեգործ Ռամիզ Հակոբյանի, ով խնձորենու իր այգում իրականացնում է դասընթացների արդյունքում ձեռք բերված հմտությունները, նշում է, որ ոչ միայն ավելացել է ծառերի բերքատվությունը, այլ նաև բարելավվել է բերքի որակը և կարգավորվել ծառերի պտղաբերման պարբերականության երևույթը: Այս տարի նա ստացել էր ռեկորդային բերք՝ մեկ հեկտարից 80 տոննայից ավել խնձոր:

Գործնական դասընթացներն անցկացվեցին ծրագրի շրջանակում հիմնված ցուցադրական տարածքներում, որտեղ տեղադրված են կարկտապաշտպան ցանցեր և ոռոգման առաջադեմ համակարգեր։

Նման դասընթացներն ուղղված են ինտենսիվ գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և գյուղատնտեսության լավագույն փորձի տարածմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում