#ԿինոՇաբթի. «Սիսթերս եղբայրները» և ևս 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հոկտեմբերի 18-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմեր:
«Սիսթերս եղբայրները»
Սիսթերս ազգանունով եղբայրներն առեղծվածային Կոմանդորի հրամանով պետք է վերացնեն ինչ-որ Ուրմի: Մարդասպանները գործի են անցում,առանց պատկերացնելու, թե ում հետ գործ ունեն: Սկսվում է կյանքի ու մահվան պայքար և անհայտ է, թե ով կդառնա հաղթող:
Ռեժիսոր՝ Ժակ Օդիար, դերերում՝ Ջեյք Ջիլենհոլ, Ջոն Սի Ռայլի, Հոաքին Ֆենիքս և այլք:
«Հելոուին»
Չարը միշտ վերադառնում է, և նրան հնարավոր չէ կառավարել։ Նրան կարելի է ժամանակավորապես վերացնել, կրակել, վառել, սակայն այն միշտ կվերադառնա։ Մայքլ Մայերսը չի ավարտել իր գործը Հեդոնֆիլդում, և շուտով նա կվերադառնա տուն, որպեսզի նորից սպանի։
Ռեժիսոր՝ Դևիդ Գորդոն Գրին, դերերում՝ Ջեյմի Լի Կյորտիս, Ջուդի Գրիր, Նիկ Քասլ և այլք:
«Գալվեստոն»
Վարձու մարդասպան Ռոյ Քեդին և երիտասարդ մարմնավաճառ Ռոկին փախչում են մաֆիայի իրենց պարագլխի հետապնդումներից: Նրանք որոշում են թաքնվել Գալվեստոն քաղաքում: Արդյոք նրանց կհաջողվի՞ կենդանի մնալ...
Ռեժիսոր՝ Մելանի Լորան, դերերում՝ Լիլի Ռեյնհարթ, Էլ Ֆանինգ, Բեն Ֆոսթեր և այլք:
«Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ»
Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը
տեղափոխվում է թանգարան, սակայն նրա ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն ինչ-որ կերպ այդ անհաջողությունները վեր են ածվում հաղթանակների:
Ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Հայկ Սարգսյան, Մարիամ Ադամյան և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում