Քաղաքականություն

«Ծառուկյան» խմբակցությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի հետ կապված մտահոգություններ չունի

2 րոպեի ընթերցում

«Ծառուկյան» խմբակցությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի հետ կապված մտահոգություններ չունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած հիմնական առաջարկությունները, կապված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի հետ, ընդունվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր ներկայացրած առաջարկներից հիմնականն այն էր, որ հրաժարվեինք ռեյտինգային ընտրակարգից, որը ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունները: Մենք գնում ենք փակ համամասնական ընտրական փուլին: Դա մեզ համար միանգամայն ընդունելի է»,-ասաց Զոհրաբյանը:

Նա չհամաձայնեց ՀՀԿ-ի այն գնահատականին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անելիս հաշվի չեն առել խմբակցությունների կարծիքը:

«Ունենք մեկ դիտարկում և վերապահում, որ պարտադիր օրենքի ուժով ֆիքսենք չորրորդ ուժի ներկայությունը խորհրդարանում: Եվ հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը` լուրջ կանխատեսում ունեմ, որ այդ չորրորդ ուժն անգամ մեկ տոկոս վստահության քվե չի հավաքելու: Այդ դեպքում հասկանալի չի լինի, որ չնչին տոկոս հավաքած ուժը ներկայացված լինի խորհրդարանում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց` սակայն այս հարցի շուրջ կառավարության հետ եկել են փոխզիջման:

Ըստ իրենց պայմանավորվածության`չորրորդ ուժի համար գոնե նվազագույն շեմ պիտի սահմանվի 2 տոկոսը: Զոհրաբյանը հավելեց՝ ընդհանուր առմամբ՝ խմբակցությունը ընտրական օրենսգրքի հետ կապված մտահոգություններ չունի:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 16-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ունեցել «Ծառուկյան», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ: Կառավարությունը նույն օրը հավանություն էր տվել բարեփոխումների փաթեթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում