ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը որոշում Է ընդունել Էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների թվաքանակը մինչեւ 2030 թվականը հասցնել հանրակցության երկրների մարդատար ավտոմեքենաների ընդհանուր հավաքակազմի 35 տոկոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեջ:
Նույն այդ որոշմամբ ԵՄ-ի խորհուրդը քվոտաներ Է ընդունել այն ավտոմեքենաների արտանետումների մեջ ածխաթթու գազի միջին պարունակության վերաբերյալ, որոնք մինչեւ 2025 թվականը պետք Է կրճատվեն 15 տոկոսով, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 35 տոկոսով՝ 2021 թվականի մակարդակի համեմատությամբ:
«ԵՄ-ի խորհուրդը լրամշակել Է զրոյական կամ թույլ արտանետումներով ավտոմեքենաների գծով խթանիչ մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությունը, ինչպիսիք են, օրինակ, ամբողջովին Էլեկտրական կամ հիբրիդային մեքենաները: 2030 թվականին մարդատար ավտոմեքենաների համար նպատակային ցուցանիշը սահմանված Է (ԵՄ-ի ընդհանուր ավտոպարկի) 35 տոկոսի մակարդակում»,-ասված Է փաստաթղթում: Այսպիսով՝ ԵՄ-ի խորհուրդը հույս ունի զգալիորեն նվազեցնել տրանսպորտի պատճառով օդի աղտոտման միջին մակարդակը: «ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է մինչեւ 2030 թվականը մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատարների արտանետումներում ածխաթթու գազի (CO2) միջին պարունակության նոր քվոտաները: 2025 թվականին առավելագույն թույլատրելի մեծությունները 15 տոկոսով կկրճատեն տրանսպորտի երկու կատեգորիաների համար, 2030 թվականին՝ 35 տոկոսով՝ մարդատար ավտոմեքենաների համար եւ 30 տոկոսով՝ բեռնատարների համար՝ 2021 թվականի ցուցանիշի համեմատությամբ»,-ասված Է փաստաթղթում: 2021 թվականի համար ավտոմեքենաների արտանետումներում ածխաթթու գազի պարունակության միջին նորման 1 կիլոմետրի հաշվով պետք Է կազմի 95 գրամ CO2, ինչը համապատասխանում Է 100 կիլոմետրի համար 4,1 լիտր բենզինի եւ 100 կիլոմետրի համար 3,6 լիտր դիզելի սպառման նորմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: