Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թե ինչպես Աննա Խաչատրյանի նվիրած շապիկն «օգնեց» Վիգեն Ահարոնյանին պատվով հանդես գալ միջազգային մրցույթում

Թե ինչպես Աննա Խաչատրյանի նվիրած շապիկն «օգնեց» Վիգեն Ահարոնյանին 
պատվով հանդես գալ միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը: Նա սեպտեմբերին Նովորոսիյսկ քաղաքում անցկացված ամենամյա «Морской узел» միջազգային մրցույթ- փառատոնում գրավել է առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վիգեն Ահարոնյանը շեշտում է՝ Հայաստանը 16 տարի մասնակցում է այդ մրցույթին և հիմնականում լավ տեղեր ու հաղթանակներ է գրանցում:

«Ամեն դեպքում՝ առաջին եռյակում միշտ եղել ենք: Այս տարի շատ խիստ էր, քանի որ Հայաստանը վերջին 3-4 տարին պարբերաբար առաջին տեղն էր զբաղեցնում և հայ մասնակցին ավելի խիստ էին դատում: Ես մրցույթի մասին տեղյակ էի, քանի որ  այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ռազմիկ Ամյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը, Արփին և այլք մասնակցել են այդ մրցույթին: Երեք տարի ցանկանում էի մասնակցել: Այս տարի, ինչպես բոլորը, հայտ ներկայացրի տեղի կազմակերպիչներին, նրանք էլ, դիտարկելով իմ հայտը, ուղարկեցին այն ռուսական ժյուրիին: Եվ ժյուրին որոշեց, որ մրցույթին հենց ես պետք է ներկայացնեմ Հայաստանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց երգիչը:

Նրա խոսքով՝ ինքը մրցույթին պատրաստվել է երեք ամիս: «Առաջին փուլում միջազգային հիթ պետք է ներկայացնեի, երկրորդ փուլում հայերեն երգ: Դրանից հետո անցկացվեց մրցանակաբաշխություն և գալա համերգ: Այս տարի շատ ուժեղ մասնակիցներ կային, առաջին տեղը ես և Ղազախստանը կիսեցինք: Ղազախ աղջիկն էլ շատ ուժեղ մասնակից էր: Ընդհանրապես, արժանի մրցակիցները շատ էին»,-հավելում է Վիգեն Ահարոնյանը:

Ի դեպ, մրցույթ մեկնելուց առաջ երգչուհի Աննա Խաչատրյանը արտիստին Հայկ Նահապետի պատկերով շապիկ է նվիրել, որով էլ երգիչը հանդես է եկել ռուսական բեմում: Վստահ էր՝ Հայկ Նահապետի ոգին օգնեց հաղթել:

Վիգեն Ահարոնյանը շեշտում է՝ սա միջազգային հարթակում հանդես գալու իր առաջին փորձը չէ: ՀՀ զինված ուժերում ծառայելու տարիներին մասնակցել է «Виват победа» միջազգային մրցույթին՝ արժանանալով ոսկե մեդալի և դառնալով միջազգային մրցույթի դափնեկիր:

«Եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կրկին պատրաստ եմ ներկայացնել Հայաստանը: Կարծում եմ, որ բոլորի համար մեծ պատիվ է, պատասխանատվություն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»,-նշում է երգիչը:

Վիգեն Ահարոնյանը փաստում է ՝ համերգներով հաճախակի է հանդես գալիս թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Հոկտեմբերի սկզբին էլ ելույթով հանդես կգա Իսպանիայում: Այս պահին աշխատում է նոր տեսահոլովակի վրա, որի երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, տեքստը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը: Ահարոնյանի խոսքով՝ տեսահոլովակը հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի և կներկայացվի հանրությանը:

«Փորձում եմ կատարել տարբեր ոճերի ստեղծագործություններ: Շատ սիրում եմ հայկական, հայրենասիրական,ազգագրական երգեր, բայց նաև երգում եմ էստրադային: Շատ սիրում եմ ժողովրդական երգեր, բայց դեռ ինձ իրավունք չեմ վերապահում այդ ոճում հանդես գալ»,-հավելում է արտիստը:

Վիգեն Ահարոնյանը ծնվել է 1990 թ., Արմավիրի մարզի Մեծամոր քաղքում: Սովորել է Պարարվեստի պետական ուսումնարանում և Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական վոկալ բաժնում: Մասնակցել է նաև «Հայաստանի ձայնը» նախագծին, հասել եզրափակիչ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am