Հասարակական

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված գումարները

2 րոպեի ընթերցում

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված գումարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ կերպ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 3.068.000 ՀՀ դրամը:

Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով 2018 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացվել Սպիտակի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ջ.Թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հիշյալ հոդվածներով վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ջ.Թ. ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում

է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ

մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում