Ինովացիա

Օգոստոսի 12-13-ի գիշերը սպասվում է Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

2 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-13-ի գիշերը սպասվում է Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա օգոստոսի 12-13-ի գիշերը տեղի կունենա Պերսեիդների ասուպային հոսք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից:

Բյուրականի աստղադիտարանից պարզաբանել են, որ Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրև»։

«Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։ Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները։ Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։ Այդ գիշերը մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները»,- ասված է Բյուրականի աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սովորաբար ասուպային հոսքերը տևում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար: Օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։ Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետևյալ օրերին՝ 11/12, 12/13 և 13/14: Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում