Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում Փաշինյանի մոտ

Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. տնտեսական 
մենաշնորհների վերաբերյալ քննարկում Փաշինյանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Մեր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչև տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, և այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև: Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլևս հնարավորություն ունենան տվյալ  ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ  հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի և այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն: Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որևէ խոչընդոտ գոյություն չունի և քաղաքական խոչընդոտներն այլևս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են: Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՝ ոչ, և եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին: Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում  ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 26 տոկոսով:

Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ և ներկա դրությամբ որևէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաև  դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:

Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:

Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:  

Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել  են տարբեր առաջարկություններ՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու և ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ: Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ քննարկել, գալ կոնկրետ եզրակացությունների և արդյունքները ներկայացնել իրեն: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի և, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]