Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում հուլիսի 19-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։
Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։