Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով  համահայկական երիտասարդական հավաքը կհամախմբի 700-ից ավելի մասնակիցների

«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով  համահայկական 
երիտասարդական հավաքը կհամախմբի 700-ից ավելի մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում հուլիսի 4-8-ը «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո կանցկացվի համահայկական երիտասարդական հավաք:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը նշեց, որ այս տարի աննախադեպ միջոցառում է անցկացվում: 2018 թվականը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդության տարի, իսկ երիտասարդական հավաքը համախմբելու է բազմաթիվ հայ երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից:

«300-ից ավելի մասնակից կլինի Սփյուռքից, իսկ Հայաստանից՝ 400-ից ավելի: Ծաղկաձորում անցկացվելիք միջոցառումը հավաք է, ճամբար, ուխտագնացությունների շարք, որի ընթացքում թեմական կառույցները ներկայացնելու են իրենց աշխատանքը, փորձառությունը: Ունենք կարևոր շեշտադրում, հավաքի ընթացքում աշխարհասփյուռ հայ երիտասարդությունը կխոսի եկեղեցուց իր ակնկալիքներից, քննարկումների ընթացքում կբարձրացնեն իրենց մտահոգող հարցերը, կանեն առաջարկություններ»,-ասաց Գևորգ Մկրտչյանը:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Հովնան Սրբազանի առաջնորդությամբ 2001 թվականից Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը սկսել է իր գործունեությունը: Հետագա տարիներին կազմակերպության կողմից որդեգրվել է պատգամավորական ժողովների ձևաչափը, որի շրջանակում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան, եկեղեցիներ են գործում, ձևավորվեցին եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Երկու տարին մեկ պատգամավորական ժողովների ձևաչափով կազմակերպվում են հանդիպումներ երիտասարդների հետ՝ նախանշելու հաջորդ տարիների աշխատանքի ձևաչափը:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի խոսքով՝ երիտասարդական հավաքը շատ կարևոր նախաձեռնություն է, որն անցկացվում է հայ ժողովրդի համար հոբելյանական տարում, երբ նշվում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

«Այս միջոցառման նպատակներից է եկեղեցու կյանքում պատրաստել երիտասարդ առաջնորդներ: Բացի հոգևոր սպասավորներից, մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները հավասար չափով իրենց վրա վերցնեն առաջնորդողի դերակատարությունը: Մեր պարտականությունն է աջակցել երիտասարդներին, որ եկեղեցու կյանքում ներգրավված մնան»,-ասաց Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ կարևորելով եկեղեցական ավանդույթները, պատմությունը երիտասարդներին լիարժեք փոխանցելու գործը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արգենտինայի Հայոց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը նշեց, որ այս միջոցառումը երիտասարդների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել:

«Արդեն քանի տարի է ակտիվ աշխատում ենք, տեղի հայերի նվիրատվությամբ ծրագիր ենք իրականացնում Տավուշում՝ աջակցելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս հայաստանյան այցելությունը մեծ առիթ է  ցույց տալու երիտասարդներին, Հայրենիքը, շփվել հասարակության լայն շերտերի հետ»,-ասաց Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը:

Արթուր Բլիկյանը, ով ԱՄՆ-ից է ժամանել Հայաստան, մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք հավաքին, նշեց, որ մեծ անհամբերությամբ է սպասում: Նա կարևորեց իր սերնդակիցների, գործընկերների հետ ծանոթությունը, շփումը, նոր կապերը հաստատելը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]