Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից

  Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից: Գևորգ Կոստանյանը կարծիք է հայտնել, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները Եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ ինքը հրաժարականի դիմումը երեք օր առաջ է ներկայացրել:

««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում:

Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով, անկասկած, հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես և, հատկապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառման ուղղությամբ:

2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած և վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1,158,290 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում աննպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում:

Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով:

Իմ գործունեությանը որպես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ավելի մանրամասն անդրադառնալու բազում առիթներ դեռ կլինեն, սակայն այս պահին ուզում եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում ես և ինձ հետ աշխատող թիմը արել ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետության շահերը եվրոպական դատարանում պատշաճ ներկայացնելու համար:

Վստահ եմ, որ նոր թիմը նույնպես աշխատելու է ոչ պակաս նվիրումով և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում տարեցտարի բարելավվելու է»,-նշված է Կոստանյանի տարածած հայտարարության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ