Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել. Սարյան փողոցում հոսում են գինին, համեղ սնունդն ու ռիթմիկ երաժշտությունը

Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել. Սարյան փողոցում 
հոսում են գինին, համեղ սնունդն ու ռիթմիկ երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի գողտրիկ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը բազմատեսակ գինիների, անուշաբույր ուտելիքների և ռիթմիկ երաժշտության հարթակի է վերածվել. մեկնարկել է «Երևանի գինու օրերը»: Երկօրյա միջոցառմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Արցախի 25 գինի արտադրող ընկերություն, որոնք հանդես են գալիս ավելի քան 200 տեսակ գինիներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը  նշեց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառման հանդեպ ընկերությունների հետաքրքրությունը շատ մեծ է եղել այս տարի, իրադարձությունից երեք ամիս առաջ արդեն հայտերի ընդունումը փակել են: Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ Մերի Բադալյանը նկատեց, որ այն լավ առաջարկ է զբոսաշրջիկներին, ովքեր բացի մշակութային կոթողներից ցանկանում են նաև տոնակատարությունների մասնակից դառնալ: «Ինչպես գիտեք, աշխարհով մեկ զարգանում է իրադարձային զբոսաշրջությունը: Եթե մենք հետաքրքիր իրադարձություններ չստեղծենք, զբոսաշրջիկը կհոգնի անընդհատ նույն  տեղը գնալուց: Սա տուր-օպերատորի համար շատ լավ գործիք է, որը կկարողանա վաճառել դրսում: Մարդիկ գնում-հասնում են Մյունխեն «October fest»-ին մասնակցելու համար, որտեղ ընդամենը միս ու գարեջուր են վաճառում, ուրախ տրամադրություն ապահովում: Մենք ուզում ենք «Գինու օրերը» դարձնել Հայաստանի մեծամասշտաբ միջոցառումներից մեկը»,-ասաց մեր զրուցակիցը:

Մերի Բադալյանը տեղեկացրեց, որ այս տարվա նորությունը մասնակից ընկերությունների մասին տեղեկատվական գրքույկների պատրաստումն է: Ռուսերենով և անգլերենով հասանելի գրքույկներում զետեղված է համապարփակ տեղեկատվություն գինի արտադրողների մասին, նրանց տուրերի, տեղակայման վայրի մասին: «Հայաստանի գինի արտադրողների մասին փոքրիկ տեղեկագիրքը փոքրիկ հուշանվեր է դառնում զբոսաշրջիկի համար, ով այն տանում է իր հետ տուն»,-հավելեց Մերի Բադալյանը:

Նախորդ տարի միջոցառմանը մասնակցած զբոսաշրջիկների արձագանքներից կազմակերպիչը հիշեց այս մեկը՝ «Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել»:

Զբոսաշրջիկները փառատոնը ստացված են համարում

Կնոջ հետ Սարյանում ճեմող ու խորոված համտեսող Անդրեյ Կուստարյովն ասաց, որ արդեն հասցրել են երեք-չորս տեսակ գինի փորձել. որոշները հավանել են, որոշները՝ ոչ:

«Միջոցառման մասին իմացել ենք մեր հյուրանոցից, որոշեցինք գալ ու տեսնել: Փառատոնը իսկապես շատ լավն է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են և հասցրել են այցելել մի շարք զբոսաշրջային վայրեր:

Ավստրալիայից Հայաստան ժամանած Դինա Շորփանթիեին և նրա կողակցին ևս փառատոնը դուր է եկել: «Մինչև հիմա ամեն ինչ շատ գեղեցիկ է, մի քանի գինի արդեն համտեսել ենք: Մենք Ավստրալիայից ենք, այնտեղ հաճախ ենք ունենում այսպիսի սննդի ու խմիչքների փառատոններ, ուրախ ենք այս անգամ Հայաստանում մասնակցել նման փառատոնի»,-ասաց զույգը:

Իրանից Հայաստան բնակության նպատակով տեղափոխված Տիգրան Ավագյանն էլ «Երևանի գինու օրերին» մասնակցում էր կնոջ և փոքրիկ դստեր հետ: Զրույցի պահին համտեսում էր կարմիր գինի: «Առաջին անգամն է, որ մասնակցում ենք: Շատ լավ միջավայր է»,-ասաց մեր Տիգրան Ավագյանը: Միջոցառման մասին իմացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, ընկերներին ևս տեղեկացրել են, որ գան ու մասնակցեն: Ասում են, որ Իրանում փակ միջավայր է, նման փառատոններ շատ չեն կազմակերպվում, հետևաբար, այն կարող է իրանցի զբոսաշրջիկների համար ևս հետաքրքիր լինել:

Գինի արտադրողները կարևորում են նաև փառատոնի կրթական բաղադրիչը

Երկրորդ տարին միջոցառմանը մասնակցող «Armenia Wine» ընկերության տուրիզմի բաժնի պատասխանատու Սյունե Բարսեղյանի խոսքով՝  վերջին տասը տարիներին գինեգործության ոլորտը մեծ զարգացում է ապրել Հայաստանում, իսկ նմանատիպ փառատոնները նաև կրթական նշանակություն ունեն: «Ժողովուրդը ծանոթանում է գինու մշակույթին, սովորում է ինչպես գինին ըմպել, ինչպես համադրել այն սննդի հետ, ինչն ավելի հետաքրքիր է դառնում թե մասնավոր ոլորտի, թե սպառողի համար: Սպառողը սկսում է ճանաչել խաղողի սորտերը, տարբեր արտադրողների առանձնահատկությունները, պատրաստման տեխնոլոգիաները, իսկ արտադրողի համար հետաքրքիր է լինելու, քանի որ պահանջարկն ավելի գիտակցված ու խիստ է դառնում»,-ասաց Սյունե Բարսեղյանը:

Նա կարևորեց միտումը, որ հայ սպառողները գնալով գերադասում են հայկական գինիները ներկրվածից, իսկ արտասահմանցիների շրջանում բարձրանում է իրազեկվածությունը հայկական արտադրանքի հանդեպ:

«Նոյան Տապան» ընկերության ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանն էլ նշեց, որ ԱՀՊ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող իրենց ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացված է նաև Հայաստանում, իսկ միջոցառմանը հանդես է գալիս Արենի սորտից պատրաստված կարմիր ու Կաստել խաղողից ստացված սպիտակ գինիներով: «Այցելուներին առաջարկում ենք սպիտակից սկսել, վաղը գալ կարմիրի հետևից, քանի որ սկզբնամասում ենք գտնվում, ճիշտ է սպիտակից սկսելը, որ գլխացավ, սրտխառնոց չսկսվի գինիները խառնելու պատճառով»,-ասաց ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ գինի նախընտրում են հիմնականում 20 տարեկանից բարձրերը, հատկապես կանայք: «Տղամարդիկ ավելի շատ կարմիր գինի են նախընտրում, իսկ կանայք՝ սպիտակ, դրա համար միշը սպիտակն ավելի շատ է վաճառվում, քան կարմիրը: Կանայք ավելի շատ են խմում գինի, քան տղամարդիկ»,-հավելեց Կարեն Զուրաբյանը:

Բոլոր նրանք, ովքեր այսօր չեն կարողացել մասնակցել Գինու օրերին, կարող են հաճելի միջավայրում գինի համտեսել մայիսի 12-ին:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]