Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արմավիրում կարկտահարության պատճառած վնասներով. տուժել են այգիներ

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արմավիրում կարկտահարության պատճառած 
վնասներով. տուժել են այգիներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից առաջին անգամ վարվող կառավարության նիստը բացեց Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ մասնագետներ են ուղարկվել իրավիճակին ծանոթանալու համար: «Օպերատիվ տվյալներով՝ վնասները մեծ ծավալի չեն, բայց  կան այգիներ, որոնք վնասներ են կրել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ կատարվում է վնասի չափի գնահատում, լրացուցիչ տեղեկատվության դեպքում կհայտնեն:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե վնասի չափը գնահատելուց հետո պրակտիկայում ինչ գործողություններ են կատարում: Հարցին ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Նախորդ ժամանակաշրջանում հիմնականում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջել ջրի վարձը, հողի հարկը, երբեմն սերմերի գումարը, որևէ պարտավորություն պետության նկատմամբ, ավելին չի տրամադրվել, որքանով գիտեմ»: 

«Մենք այդ թեմային կանդրադառնանք անպայման, բայց պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ ֆորմալ, այլ արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան՝ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու հնարավոր չի եղել հակակարկտային կայանների միջոցով կանխարգելել կարկուտը, և, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերի որքան հատվածն են դրանք ծածկում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այդ վայրերը, որոնք կարկտահարվել են, դուրս են եղել հակակարկտային ներազդեցության դաշտից: «Մենք հիմա կարողանում ենք ծածկել (գյուղատնտեսական հողերի) 15 տոկոսը: Պիլոտային ծրագիր էր աշխատում, որի շրջանակում կան որոշ խնդիրներ, որոնք կլուծվեն Ռուսաստանից ժամանող մասնագետների օգնությամբ: Նոր համակարգ է ներդրվում»,-ասաց Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում նախատեսվում է հակակարտային համակարգերով ապահովել 70 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցին կանդրադառնան նոր կառավարության ձևավորումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am