ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահ Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, նամակում նշված է․
«Հարգարժան պրոֆեսոր Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլի,
Մեծ ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս պաշտոնյաների անժամանակ մահվան մասին: Երեկ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Հայաստանի ողջ հանրությունը հույսով սպասում էր հրաշքի, որը, ցավոք, իրականություն չդարձավ: Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին և այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ: Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում