Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չենք խոչընդոտի, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին

Չենք խոչընդոտի, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյանը՝ 
խմբակցության հետագա քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ «Ծառուկյան», «ՀՅԴ» և «Ելք» խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-ասաց պատգամավորը: «Այսինքն՝ քվորում կապահովե՞ք» հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «Այո»:

Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ վարչապետ կընտրվի՞, Բաղդասարյանն ասաց. «Մենք ասում ենք, որ չենք խոչընդոտի, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ»:  

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը: «Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա կոչ արեց առանձին պատգամավորների արտահայտած մտքերն ընդունել որպես անհատական կարծիք և վստահ լինել, որ ՀՀԿ-ն կունենա միասնական դիրքորոշում: «Երբ խմբակցությունը կհավաքվի, որոշումը կկայացնենք, ես առանց խմբակցության անդամների հետ հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու: Իմ խմբակցությունը, ես ու բոլորս ունենք պայմանավորվածություն, որ մեր որոշումը պետք է լինի միասնական»,-հավելեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե երբ կլինի խմբակցության հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Թեկնածուների պաշտոնական առաջադրումներից հետո»:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]