Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ծայրահեղ մտքերը պետք է կարողանանք բերել ընդհանուր կոնսենսուսի, իսկ ներքաղաքական խնդրի լուծման միակ տեղը ԱԺ-ն է. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի լայն սպեկտրի հետ, ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների, այլ նաև նրանից դուրս, շատ ավելի լայն շրջանակում: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:

«Այդ սպեկտրը բավականին մեծ է, պայմանական եթե նկարագրեմ՝ ձախից մինչև աջ: Իհարկե, եթե մենք Սահմանադրության շրջանակում փորձում ենք գտնել լուծումներ, բնական ճանապարհը բարձրագույն մարմինն է՝ Ազգային ժողովը և, իհարկե, ԱԺ-ում պետք է լինի հանգուցալուծումը, որպեսզի այդ լուծումն իրականանա և իրականանա Սահմանադրության շրջանակներում, բնական ձևով: Խնդիրներից մեկը նախ և առաջ հետևյալն է, որպեսզի կարողանամ հասկանալ բոլոր լուծումները և փորձեմ այդ տարբերությունները հեռավոր ձախից, հեռավոր աջից բերել դեպի կենտրոն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա նշել է, որ խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կամ Կարեն Կարապետյանի մասին է, այս կուսակցության, այն կուսակցության, այլ հանրության տարբեր շրջանակների, առանձին անհատների, որոնք հասարակության մեջ դեր ունեն և հասարակությունն ընկալում է այդպիսի անհատների կարծիքը: «Խոսքը միայն  երկու անհատի կամ երկու կառույցի երկխոսության մեջ չէ, երկխոսությունը շատ ավելի լայն է, սա մեր ընդհանուր հասարակության երկխոսությունն է, սա երկխոսություն է մեզնից յուրաքանչյուրի միջև, հաճախ նաև իրականում մենախոսություն է, որովհետև երեկոյան, երբ մենակ ես, միևնույն է՝ մտածում ես, քննարկում ես ինքդ քեզ հետ: Հետևաբար, շատ էական է, որ ծայրահեղ լուծումները, մտքերը կարողանանք բերել ընդհանուր կոնսենսուսի: Բնական է, որ լուծման միակ տեղը ժողովրդավարության կենտրոնն է, Ազգային ժողովը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է լինի միայն Սահմանադրության սահմաններում: «Կարծում եմ՝ ճիշտ ընթացքով էլ հիմա ընթանում է, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան՝ քննարկումն ի վերջո պետք է տեղափոխվի Ազգային ժողով, Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն և դրանից հետո պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովն ընդունում է»,- ասել է Արմեն Սարգսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ